Ուրբաթ, 6 Հունիսի 2025 16:45
Ալեքսանդր Ավանեսով

Փոխվարչապետը KfW բանկի ներկայացուցչի հետ քննարկել է երկրում իրականացվող ծրագրերը

Փոխվարչապետը KfW բանկի ներկայացուցչի հետ քննարկել է երկրում իրականացվող ծրագրերը

Արմինֆո.Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը։

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, Տիգրան Խաչատրյանը մեծապես կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև փոխգործակցության շարունակական զարգացման գործընթացում էներգետիկ և ջրային ոլորտներում ՎՎԲ աջակցությամբ իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի նշանակությունը։ Այս համատեքստում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել ընթացիկ ծրագրային շրջանակին, մասնավորապես՝ Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի, ինչպես նաև Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի կառուցման ծրագրերի ընթացքին: Մտքեր են փոխանակվել նաև երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունների վերաբերյալ։

 

Հիշեցնենք, որ Կապսի ջրամբարի կառուցման ծրագիրը ֆինանսավորվում է KfW-ի վարկով և Հայաստանի կառավարության համաֆինանսավորմամբ: Ընդհանուր բյուջեն կազմում է 95,2 մլն եվրո, որից 68,5 մլն եվրոն փոխառու միջոցներն են: Եվս 169 մլն եվրո Բանկը տրամադրել է  Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման համար։