Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հունիսի 2-6-ը և դոլարային, և ռուբլով գործարքները նվազել են, իսկ եվրոյով գործարքներ կրկին դադարել են իրականացվել։ Մասնավորապես, դոլարով գործարքների շաբաթական թրենդը ծավալվել է 8,6 անգամ աճից դեպի 88,4 տոկոս անկում, ինչը դիտվել է նաև ռուբլով գործարքների դեպքում, որոնց թրենդը ծավալվել է 37 տոկոս աճից դեպի 8 տոկոս անկում։ Արդյունքում՝ դոլարային գործարքների գերակայությունը ռուբլով գործարքների նկատմամբ վերականգնվել է՝ կազմելով 1,4 անգամ, այն դեպքում, երբ մեկ շաբաթ առաջ պատկերը հակառակ էր՝ ռուբլով գործարքները դոլարային գործարքների նկատմամբ գերազանցել էին 6 անգամ։
Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (02-06.06.25 ՝ 26-30.05. 25-ի համեմատ) դոլարի և եվրոյի առքի միտումը աճի է հասել այդ արժույթների վաճառքի աճի դանդաղման պայմաններում, իսկ ռուբլով գործարքներում և առքի, և վաճառքի միտումը ծավալվել է դեպի անկում։
Արդյունքում, ս.թ. հունիսի 2-6 - ն ընկած ժամանակահատվածում դրամը սկսել է արժևորվել ինչպես դոլարի նկատմամբ' 384,5-ից մինչև 383,5 դրամ/1դոլար, այնպես էլ ռուբլու նկատմամբ' 4,83 - ից մինչև 4,80 դրամ/1ռուբլի, միաժամանակ, շարունակելով թուլանալ եվրոյի նկատմամբ' 435,5-ից մինչև 437,5 դրամ/1եվրո: Մեկ տարի առաջ՝ 2024թ. հունիսի 6-ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 387,8 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 422 դրամ/1եվրո, ռուբլու նկատմամբ՝ 4,34 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի նկատմամբ դրամի տարեկան արժևորման և եվրոյի ու ռուբլու նկատմամբ արժեզրկման մասին։