Արմինֆո. Wildberries ընկերության միջազգային բիզնեսի զարգացման գծով տնօրեն Ռաֆայել Աբրահամյանը հայտարարել է Հայաստանում PRO WB ձեռնարկատիրության զարգացման և աջակցության կենտրոնի բացման մասին: Այս մասին հայտարարվել է "էլեկտրոնային առևտուր առանց սահմանների. Ռուսաստան-Հայաստան" խորհրդաժողովի ընթացքում, որն անցկացվել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տասներորդ միջտարածաշրջանային համաժողովի շրջանակներում:
Ինչպես հայտարարել է Ռաֆայել Աբրահամյանը, լոգիստիկայի եւ տեխնոլոգիաների զարգացումն անհնար է առանց այնպիսի պայմանների ստեղծման, որոնք թույլ տան բիզնեսին աճել եւ ընդլայնվել:
<Այսօր մենք խոսում ենք ոչ միայն լոգիստիկայի և տեխնոլոգիաների մասին: Մենք գործարկում ենք մի հարթակ, որը կօգնի ձեռնարկատերերին զարգանալ, դուրս գալ նոր շուկաներ և վստահորեն աշխատել թվային տնտեսությունում", - նշել է նա՝ խոսելով հայկական բիզնեսի համար կենտրոնի կարևորության մասին։
Նոր կենտրոնը արժեքավոր ռեսուրս կդառնա նրանց համար, ովքեր ցանկանում են սկսել կամ զարգացնել իրենց բիզնեսը՝ օգտագործելով Wildberries մարկետփլեյսի հնարավորությունները։ Այստեղ ձեռնարկատերերը կստանան մասնագիտական աջակցություն բիզնեսի գրանցման, հարթակի ինտեգրման գործում, ինչպես նաև՝ իրավաբանական և հաշվապահական խորհրդատվություն:
Կենտրոնը pro.wb.ru. հարթակի միջոցով կառաջարկի ինչպես առկա կրթական ծրագրեր՝ վարժանքներ, սեմինարներ և գործնական դասընթացներ, այնպես էլ վեբինարներ: Հատուկ ուշադրություն կդարձվի հետևյալ թեմաներին. շահութաբեր բիզնես մոդելի կառուցում, հարկային քաղաքականություն, արտադրանքի մակնշում, գովազդի կարգավորում, ինչպես նաև տեսականու և մատակարարումների արդյունավետ կառավարում:
Ձեռնարկատիրությանն աջակցման կենտրոնի ստեղծումն ուղղված է Հայաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը: Այս նախաձեռնությունը իրական պայմաններ է ստեղծում աճի և ընդլայնման համար՝ օգնելով տեղական ապրանքանիշերին մուտք գործել նոր շուկաներ և ամրապնդել իրենց դիրքերը համաշխարհային թվային առևտրում:
PRO WB ծրագիրը ձեռնարկատիրությանն աջակցության և զարգացման սեփական հարթակ է, որը ստեղծվել է Wildberries-ի և Russ-ի հետ համատեղ: Այն իր մեջ ներառում է անվճար վեբինարներ, մարկետփլեյսում աշխատելու դասընթացներ և վաճառողների հետ ամենշաբաթյա հանդիպումներ՝ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԵԱՏՄ երկրներում։ PRO WB լսարանը ներառում է բոլոր տեսակի ձեռնարկատերերի՝ անհատ վաճառողներից մինչեւ մարկետփլեյսերի մենեջերներ: Ոլորտի լավագույն մասնագետները կիսվում են իմաստալից փորձով և գործնական գիտելիքներով՝ խոսելով բիզնեսի գործարկման, ապրանքանիշի զարգացման, խթանման արդյունավետ գործիքների, ֆինանսական գրագիտության և իրավաբանական հարցերի մասին: