Արմինֆո. Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։
Ինչպես հաղորդում է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերին։
Երկուստեք կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ընգծվել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունն ընթացիկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը։
Նշենք, որ նախորդ տարվա նոյեմբերին ՀՀ կառավարությունը բյուջետային վարկ էր տրամադրել Իրան - Հայաստան 400 կիլովոլտանոց էլեկտրահաղորդման գիծը կառուցող իրանական Sunir ընկերությանը: Ծրագրի կապալառու Sunir ընկերության եւ "Հայաստանի բարձրավոլտ ցանցեր" պետական ձեռնարկության միջեւ դեռևս 2006թ. հուլիսին կնքվել էր պայմանագիր, որի համաձայն, կապալառուն պարտավորվել է կատարել 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի և համապատասխան ենթակայանի համալիր ծավալի նախագծում, մատակարարում, կառուցում, մոնտաժում, փորձարկում և գործարկում: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 106 847 237, 51 եվրո: Նախագծի արժեքից 86 447 914 եվրոն ֆինանսավորվում է Իրանի արտահանման զարգացման բանկի վարկային միջոցների հաշվին, իսկ 20 399 323,51 եվրո գումարը ֆինանսավորվում է "Սանիր Ինթերնեշնլ ՖԶԷ" վարկային միջոցների հաշվին: Նախագծի շրջանակում աշխատանքների ավարտման ժամկետ է սահմանվել 2034 թվականի դեկտեմբերի 31-ը:
Նախագծի իրականացումը 350 ՄՎտ-ից մինչև 1200 Մվտ կավելացնի Հայաստանի և Իրանի միջև էլեկտրաէներգիայի հոսքերը, կբարձրացնի Հայաստանի էներգահամակարգի անվտանգության, հուսալիության և կայունության մակարդակը, հնարավոր կլինի լիովին օգտագործել Իրան-Հայաստան գազատարի հզորությունը՝ "Գազ Էլեկտրաէներգիայի դիմաց" ծրագրի շրջանակում:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ Հայաստանն Իրանի հետ իրականացնում է բարտերային գործարք, որի համաձայն, ստանում է իրանական գազ' 1 խմ 3 կվտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց: Երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումից հետո այդ ծավալներն զգալիորեն կավելանան։ Այդուհանդերձ, "Հյուսիս-Հարավ" էներգետիկ միջանցքի կառուցման նախագիծը, որը կոչված է միավորել Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերը, բախվել է մի շարք խնդիրների, որոնք, առաջին հերթին, կապված են օբյեկտի շահագործման հանձնելու ժամկետների հաճախակի հետաձգման հետ: Եթե նախկինում "Իրան - Հայաստան" ԷՀԳ նախագծի ավարտման ժամկետ էր հայտարարվել 2018 թվականի վերջը, ապա 2021 թվականի դեկտեմբերի վերջին պատասխանատու կառույցներն արդեն հայտարարում էին, որ գիծը պատրաստ կլինի մինչև 2024 թվականի վերջը։
Ինչ վերաբերում է Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծին, ապա դրա կառուցմանը կողմերը դեռ ձեռնամուխ չեն եղել։