Չորեքշաբթի, 11 Հունիսի 2025 14:41
Նաիրա Բադալյան

Հաշվարկային փաստաթղթերում ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացումը կդառնա պարտադիր․

Հաշվարկային փաստաթղթերում ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացումը կդառնա պարտադիր․

Արմինֆո Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած փուլ առ փուլ կիրականացվի հաշվարկային փաստաթղթերում ապրանքների արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) ծածկագրերը պարտադիր լրացնելու գործընթացը։

 

ՊԵԿ հաղորդագրության համաձայն, այս տարվա սեպտեմբերի 1-ից ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացումը կդառնա պարտադիր Հայաստան ներմուծված ապրանքները ներմուծողների կողմից մատակարարման կամ տեղափոխման գործարքների դեպքում։ Սեպտեմբերի 1-ից պահանջը կտարածվի նաև ծխախոտային և ալկոհոլային արտադրանքի մատակարարումների կամ տեղափոխումների վրա։ 

 

2025թ. նոյեմբերի 1-ից ԱՏԳ ԱԱ ծածկագրերը պարտադիր լրացնելու պահանջը կկիրառվի արտադրողների կողմից ՀՀ-ում արտադրված բոլոր մնացած ապրանքների մատակարարման կամ տեղափոխման դեպքերում։

 

Իսկ 2026թ. հունվարի 1-ից պահանջը կընդլայնվի՝ ընդգրկելով ապրանքների մատակարարման կամ տեղափոխման բոլոր գործարքները:

 

«Ի դեպ, չնայած վերոնշյալ պարտադիր ժամկետներին, տնտեսվարողները կարող են 2025 թ․ սեպտեմբերի 1-ից սկսած կամավոր կերպով ապրանքների մատակարարման կամ տեղափոխման հաշվարկային փաստաթղթերում ներառել ԱՏԳ ԱԱ ծածկագրերը», - նշվում է հաղորդագրությունում: