
Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը:
Կառավարության հաղորդագրության համաձայն, ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել Երևանի Ծովակալ Իսակով պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածը, 260 մետրանոց կամուրջ, ինչպես նաև՝ վերականգնել Կոմիտասի անվան այգու մի հատվածը՝ կիրառելով բնահեն լուծումներ: Ճանապարհը կապահովի անմիջական երթուղային կապ Երևանի 3 վարչական շրջանների (Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Շենգավիթ) միջև՝ նպաստելով տրանսպորտային հոսքերի վերաբաշխմանը: Շինարարական աշխատանքների պատշաճ կազմակերպման նպատակով պետք է շինարարության հատվածն ընդգրկող տարածքներում իրականացվեն հողի օտարման և տարաբնակեցման (ՀՕՏ) աշխատանքներ: ՀՕՏ-ի արդյունքում ազդեցության ենթակա են 50 տնային տնտեսություններ, որոնց ընդհանուր կորուստները կկազմեն՝ 59 հողակտոր, 80 բնակելի և ոչ բնակելի շենք և շինություն, կդադարեցվի 3 ձեռնարկատիրական գործունեություն, ինչի արդյունքում 4 անձ կկորցնի մշտական աշխատանքը: