Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ.հունիսի 9-13-ն ընկած ժամանակահատվածում դոլարային գործարքների անկումը շաարունակվել է, իսկ ռուբլով գործարքներն աճել են։ Եվրոյով գործարքներ արդեն երկրորդ շաբաթն է՝ չեն իրականացվում։ Մասնավորապես, ռուբլով գործարքների շաբաթական թրենդը 88,4% անկումից շրջադարձ է կատարել դեպի 7,1% աճով, իսկ դոլարային գործարքների թրենդի անկումը պահպանվել է՝ տեմպերի 8%-ից մինչեւ 60% արագացմամբ։ Արդյունքում՝ ռուբլով գործարքները կրկին սկսել են գերակշռել դոլարային գործարքների նկատմամբ՝ 2 անգամ, մինչդեռ, մեկ շաբաթ առաջ առջևում էին դոլարային գործարքները՝ ռուբլով գործարքների նկատմամբ գերակշռելով 1,4 անգամ։
Դրան զուգընթաց՝ արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (09-13.06.25՝ 02-06.06.25-ի համեմատ) դոլարի առքուվաճառքի աճի միտումը պահպանվել, եվրոյի առքուվաճառքի միտումը շրջադարձ է կատարել դեպի անկում, իսկ ռուբլով գործարքներում պահպանվել է և առքի, և վաճառքի անկումը ՝ տեմպերի նկատելի դանդաղմամբ։
Արդյունքում՝ ս. թ. հունիսի 9-13-ը դրամը դոլարի նկատմամբ սկսել է արժեզրկվել' 383,5-ից մինչև 384,5 դրամ/1դոլար, ընդ որում, շարունակելով նկատելիորեն թուլանալ եվրոյի նկատմամբ' 437,5-ից մինչև 442,5 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ շարունակելով ամրապնդվել' 4,80-ից մինչև 4,78 դրամ/1ռուբլի: Մեկ տարի առաջ՝ 2024թ. հունիսի 13-ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 389,5 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 420,5 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ՝ 4,29 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի նկատմամբ դրամի տարեկան արժևորման և եվրոյի ու ռուբլու նկատմամբ արժեզրկման մասին։