
Արմինֆո. ՀՀ կենտրոնական բանկը փորձում է լուծել Հայաստանի՝ Ադրբեջանին սահմանակից շրջանների բնակիչների խնդիրը, ովքեր չեն կարողանում օգտվել բնակարանների ձեռք բերման ծրագրից: Այդ մասին հունիսի 18-ին ԱԺ-ում հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին։
Պատգամավորը, մասնավորապես, բարձրացրել է երկրի պետական բյուջեից սահմանամերձ շրջանների բնակիչներին իրենց բնակարանային խնդիրները բարելավելու համար 16 մլն դրամի հատկացումը մերժելու հարցը՝ երկրի առևտրային բանկերի հանդեպ պարտքերի պատճառով:
Ի պատասխան՝ ԿԲ ղեկավարը նշել է, որ ներկայումս բանակցություններ են ընթանում Ֆինանսների նախարարության գործընկերների և առևտրային բանկերի հետ ՝ առաջացած խնդրի լուծման շուրջ: "Հարցն այն է, որ այդ մարդիկ վատ վարկային պատմություն ունեն, իսկ վարկային պարտքերի առկայության դեպքում նոր վարկ տրամադրելը չպետք է պրակտիկա դառնա։ Կփորձենք գտնել լուծումներ, որոնք կօգնեն և մարդկանց, և չեն վնասի ֆինանսական կայունությանը", - նշել է երկրի գլխավոր բանկիրը։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսին ՀՀ կառավարությունը փոփոխություններ էր կատարել սահմանամերձ շրջանների բնակիչների համար բնակարանների մատչելիության ապահովման ծրագրում: Ծրագրի համաձայն, նրանց տրամադրվում է հիփոթեքային վարկ, որից տոկոսներն ամբողջությամբ մարվում են ՀՀ կառավարության կողմից: