Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է զբոսաշրջությունն օգտագործել որպես լուրջ խթան տարածաշրջանային զարգացման, մասնավոր ներդրումների խթանման և որակյալ աշխատատեղերի ստեղծման համար: Այդ մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ HIF Yerevan 2025 հյուրընկալության բնագավառի ներդրումային համաժողովի ժամանակ։
Նա նշել է, որ այսօր Հայաստանն ընտրել է նորարարությանը միտված, բարձր ավելացված արժեք ստեղծող և համաշխարհային տնտեսության մեջ ակտիվորեն ինտեգրված երկիր դառննալու ուղին: Այդ ռազմավարական համատեքստում նախարարը նշել է, որ զբոսաշրջության զարգացումը և այս ոլորտում ներդրումների խթանումը առանցքային դեր են խաղում Հայաստանի տնտեսության վերափոխման գործում:
Նա նաև ընդգծել է, որ TRIP ծրագրի իրականացման շնորհիվ Համաշխարհային բանկի հետ միասին 120 մլն եվրո ընդհանուր բյուջեով աջակցություն է ցուցաբերվում զբոսաշրջության խթանմանն ու տարածաշրջանային զարգացմանը: Պապոյանը պատմել է, որ ծրագիրը կիրականացվի յոթ համայնքներում, որտեղ կստեղծվեն զբոսաշրջային կլաստերներ, մասնավորապես՝ Գորիսում, Արենիում, Եղենիսում, Ջերմուկում, Գյումրիում, Դիլիջանում և Դվինում: Ծրագրի իրականացման համար որոշակի գումար կտրամադրի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը, ինչպես նաև որոշ մասը համաֆինանսավորելու է կառավարությունը:
Նրա խոսքով՝ ծրագիրը ոչ միայն ուղղված է ենթակառուցվածքների բարելավմանը, այլև զբոսաշրջային բազմաբնույթ կետերի ստեղծմանը:
Հորդորելով ներդրողներին ներդրումներ կատարել զբոսաշրջության զարգացման, հյուրանոցների ստեղծման, զբոսաշրջային ծառայությունների ընդլայնման մեջ՝ Պապոյանն ասել է, որ իշխանությունները մտադիր են ներդրողների համար բարենպաստ միջավայր ստեղծել ՝ հիմնված վստահության և կանխատեսելիության վրա։
<Հայաստանը բաց է բիզնեսի և ստեղծարար գաղափարների համար, մենք ունենք հյուրընկալ երկիր, որը ոչ միայն մշակույթի և բնության խաչմերուկ է, այլև յուրահատուկ հարթակ ապագա զարգացման համար ՝ շնորհիվ իր ռազմավարական դիրքի: Հրավիրում եմ դառնալ այդ ճանապարհի մի մասը և կոչ եմ անում ներդրումներ կատարել Հայաստանում և ստեղծել հաջողության նոր պատմություններ>, - եզրափակել է նա:
Նշենք, որ Stone Development-ի նախաձեռնությամբ կազմակերպված HIF Yerevan 2025-ը նպատակ ունի խթանել ներդրումները, խորացնել ռազմավարական գործընկերությունը և աջակցել կայուն զարգացմանը ՝ Հայաստանը դիրքավորելով որպես մրցունակ և գրավիչ ուղղություն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային հյուրընկալության ոլորտում: Համաժողովի գլխավոր գործընկերն է Ամերիաբանկը:-