Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին Վրաստանի մաքսային մարմիններում կուտակումներով պայմանավորված՝ հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանով հատումը ժամանակավորապես դադարեցնելու հետ կապված խնդիրը կարգավորվել է։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակմանը։
ՊԵԿ-ը հայտնում է, որ Վրաստանի մաքսային մարմինների թողունակության կարգավորման արդյունքում, հունիսի 18-ից կազմակերպվել է հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը ՀՀ-ի մաքսային պահեստներից ու հունիսի 19-ի դրությամբ արդեն իսկ 33 բեռնատար բաց է թողնվել։
Հայաստանից կոնյակ եւ գինի արտահանողները արդեն մեկ ամսից ավելի բողոքում են Վրաստանում "անհարկի ստուգումներից եւ խոչընդոտներից", ինչի պատճառով Ռուսաստան եւ այլ երկրներ ուղեւորվող բեռնատարները շաբաթներ շարունակ պարապուրդի են մատնվում վրացական մաքսակետերում: Զննման ձգձգումների պատճառով հայ արտահանողները ֆինանսական վնասներ են կրում։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ այդ հարցը կքննարկի հունիսի 6-ին Վրաստանի գյուղատնտեսության նախարարի Երեւան կատարելիք այցի ընթացքում: Սակայն վրացական կողմը չեղարկել էր այցը մեկ օր առաջ՝ վկայակոչելով նախարարի ծանրաբեռնվածությունը։
Ավելի վաղ վրացական կողմը հայտարարել էր, որ մաքսակետերում իրականացվող վերահսկողությունը համապատասխանում է երկրի օրենսդրությանը և միջազգային նորմերին: Իսկ հայ գործարարները պնդում են, որ նման ստուգումներ չեն եղել արդեն մի քանի տասնամյակ։ Ոչ Թբիլիսիում, ոչ Երևանում դեռևս չեն բացատրել, թե ինչ է փոխվել երկկողմ հարաբերություններում։
Միեւնույն ժամանակ, արտադրողներն ու արտահանողները պարզաբանում են պահանջում, թե ինչու են Վրաստանում պահում իրենց արտադրանքով բեռնատարները և ապրանքը ուղարկում լաբորատոր փորձաքննության, չնայած այն նախատեսված չէ վրացական շուկայի համար և տարանցվում է Ռուսաստան և այլ երկրներ: Իսկ ալկոհոլային խմիչքների հայ արտադրողները դիմել են պետական և միջազգային կառույցներին, մասնավորապես, ՀՀ ԱԺ-ին, ՀՀ էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարություններին, ինչպես նաև ՎԶԵԲ-ին, ՄԱԿ-ին, ԵԱԶԲ-ին և ԱՀԿ-ին ՝ խնդրելով շտապ գնահատել Վրաստանի մաքսային տարածքով հայկական ապրանքների տարանցման հետ կապված լարված իրավիճակը:
Նամակում նշվում էր, որ վրացական կողմը, խախտելով առևտրի միջազգային ընդունված չափանիշները, զգալի նյութական վնաս է հասցնում հայ արտադրողներին, որոնք չեն կարողանում կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները երրորդ կողմի հանդեպ: Նամակի հեղինակները դիմել են միջազգային կազմակերպություններին և արտերկրի գործընկերներին ՝ խնդրելով կոչ անել Վրաստանի կառավարությանը դադարեցնել այդ ինքնակամ շրջափակումը և վերացնել սահմանափակումները, որոնք խոչընդոտում են իր տարածքով ապրանքների տարանցիկ փոխադրմանը: