Ուրբաթ, 20 Հունիսի 2025 13:28
Մարիաննա Մկրտչյան

Օվերչուկը չի բացառել Ռուսաստանի համար Հայաստանի երկնքի փակումը՝ վերջինիս եվրաինտեգրման խորացման դեպքում

Օվերչուկը չի բացառել Ռուսաստանի համար Հայաստանի երկնքի փակումը՝ վերջինիս եվրաինտեգրման խորացման դեպքում

Արմինֆո. Ռուսաստանը մտավախություն ունի, որ Հայաստանի եվրաինտեգրման խորացումը կարող է հանգեցնել ռուսական ինքնաթիռների համար նրա օդային տարածքի փակման, ինչպես ավելի վաղ դա արել էր Եվրամիությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի նստաշրջանում։

 

"Տեսեք, մենք հիմա Եվրամիության հետ ավիացիոն հաղորդակցություն չունենք։ ԵՄ-ը փակել է երկինքը ռուսական օդանավերի թռիչքի համար։ Հայաստա՞նն էլ կփակի երկինքը: Եթե դուք անդամակցում եք Եվրամիությանը, ապա՝ այո, որովհետև ձեզ Բրյուսելում կասեն՝ փակեք երկինքը, և դուք կփակեք երկինքը, և դուք ընտրություն չեք ունենա։ Եւ ի՞նչ",- ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է նա։

 

Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ հնարավոր սահմանափակումը կազդի չվերթների զգալի քանակի վրա, ինչպես նաև կարող է խախտվել բեռնափոխադրումների համակարգը: "Ահա շաբաթական բոլոր այդ հարյուրավոր ավիաչվերթները, ու՞ր են գնալու։ Դե, Թբիլիսիով են երթևեկելու, հասկանալի է, - շարունակել է նա ։ - Նույնն է սահմանին եղած փոխադրամիջոցների դեպքում, դուք դա գիտեք, որովհետև հայկական բեռնատարը կհասնի Վերին Լարս, այնուհետև բեռը կտեղափոխվի բելառուսական կամ ռուսական քարշակ, որը բեռը կհասցնի Ռուսաստան, իսկ հայ վարորդը հետ կգնա Հայաստան: Ահա դա կարող է իրականում տեղի ունենալ"։

 

"Եվ դրան չի կարելի ուշադրություն չդարձնել և չմտածել այդ հարցերի մասին։ Մենք դրա մասին մտածում ենք, մենք դա գնահատում ենք", - ընդգծել է Օվերչուկը։

 

Նշենք, որ ՀՀ կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել "ԵվրաՔվե" քաղաքացիական նախաձեռնության առաջարկած ՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծին: Մարտի 26-ին երկրի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ ընդունել է այն և ուղարկել նախագահի ստորագրմանը։ Մոսկվայում հայտարարել են, թե Ռուսաստանը Հայաստանին տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը միաժամանակյա անդամակցությունն անհնար է: