Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հունիսի 16-20-ն ընկած ժամանակահատվածում դոլարային գործարքներն աճել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են նվազել։ Եվրոյով գործարքներ արդեն երրորդ շաբաթը իրականացվում։ Մասնավորապես, ռուբլով գործարքների շաբաթական թրենդը շրջադարձ է կատարել 7,1 տոկոս աճից դեպի 73,3 տոկոս անկում, իսկ դոլարային գործարքների թրենդը 60 տոկոս անկումից հասել է 2,3 անգամ տպավորիչ աճի ։ Արդյունքում՝ դոլարային գործարքները կրկին սկսել են գերակշռել ռուբլով գործարքների նկատմամբ, ընդ որում, զգալիորեն՝ 4,3 անգամ, մինչդեռ, մեկ շաբաթ առաջ ռուբլով գործարքները գերազանցել էին դոլարային գործարքներին (2 անգամ)։
Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (16-20.06.25-ը ՝ 09-13.06.25-ի համեմատ) դոլարի առքը անկման մեջ է հայտնվել՝ վաճառքի աճի արգելակման պայմաններում, եվրոյի առքն աճի է հասել՝ վաճառքի անկման դանդաղման դեպքում, իսկ ռուբլով գործարքներում առքուվաճառքի անկում պահպանվել է՝ տեմպերի աննշան դանդաղման պայմաններում։
Արդյունքում՝ ս.թ. հունիսի 16-20-ը դրամը շարունակել է թուլանալ դոլարի նկատմամբ' 384,5-ից մինչև 386,8 դրամ/1դոլար, ընդ որում, շարունակելով արժեզրկվելով եվրոյի նկատմամբ' 442,5-ից մինչև 443,8 դրամ/1եվրո, թուլանալով նաև ռուբլու նկատմամբ' 4,78-ից մինչև 4,89 դրամ/1ռուբլի: Մեկ տարի առաջ ՝ 2024թ. հունիսի 20-ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 388 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 419 դրամ/1եվրո, և ռուբլու նկատմամբ՝ 4,40 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի նկատմամբ դրամի տարեկան արժեվորման և եվրոյի ու ռուբլու նկատմամբ արժեզրկման մասին։