Հինգշաբթի, 26 Հունիսի 2025 13:56
Նաիրա Բադալյան

Հայաստանի տնտեսության ցուցանիշները «բավականին լավն են». Փաշինյան

Հայաստանի տնտեսության ցուցանիշները «բավականին լավն են». Փաշինյան

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հունիսի 26-ի նիստում անդրադարձել է 2025 թվականի մայիսի տնտեսական ցուցանիշներին՝ դրանք գնահատելով բավականին լավ:

 

«Կարծես թե որոշակի բարեփոխումների, հայեցակարգային մոտեցումների, ձևակերպումների, իհարկե, նաև մեր գործարար համայնքի և տնտեսական գործունեությամբ զբաղվող մեր հայրենակիցների գործունեության շնորհիվ մեր տնտեսությունը ճկունության որոշակի դրսևորումներ է ցուցադրում՝ արագ արձագանքելու իրադրություններին և դրանց փոփոխությանը, ինչն ամենակարևոր արձանագրումը կարող է լինել, եթե, իհարկե, հետազոտական մակարդակում կարողանանք վերահաստատել, որ այս ընկալումը ճիշտ է», - հայտարարել է վարչապետը։

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մանրամասներ է ներկայացրել տնտեսական ակտիվության ցուցանիշների վերաբերյալ. «Տնտեսական ակտիվության ցուցանիշը երկնիշ թվով՝ 10,4 տոկոսով, աճել է 2025 թվականի մայիսին 2024 թվականի մայիսի նկատմամբ: Այն հիմնականում պայմանավորված է շինարարության և ծառայությունների աճով, այսինքն՝ տնտեսության իրական հատվածում մեծ աճ ունենք: Չնայած այն հանգամանքին, որ արդյունաբերության ոլորտում 5,5 տոկոսով կրճատում կա, մենք Վիճակագրական կոմիտեի հետ աշխատանք իրականացրեցինք և տեսանք, որ մի շարք ոլորտներում մեծ աճ ունենք: Օրինակ՝ քիմիայի, ծխախոտի, սննդի արդյունաբերության, հանքագործության և այլ ոլորտներում արտադրությունն էական աճել է: Պարզապես նախորդ տարի եղել է ոսկու վերամշակման պրոցես, որն այս տարի 41 տոկոսով կրճատվել է, և դրա հաշվին է, որ նրանց բարձր աճերը, ըստ էության, բերվել են, և արդյունքում մենք 5 տոկոսից մի փոքր ավելի կրճատում ունենք: Այսինքն՝ տնտեսության մեջ բավականին մեծ ակտիվություն կա, նաև արտադրության ոլորտներում, և եթե մենք ոսկու գործոնը չեզոքացնեինք, էլ ավելի մեծ արդյունք կունենայինք»: 

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արդեն այս արդյունքի համադրմամբ հունվար-մայիսը նախորդ տարվա հունվար-մայիսի նկատմամբ արձանագրել է 5,7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ:

Վարչապետն ընդգծել է՝ մայիսին էլ մենք ունենք բացարձակ ռեկորդ Հայաստանում արձանագրված աշխատատեղերի. մայիսին Հայաստանում աշխատավարձով ապահոված 790 հազար 320 աշխատատեղ է գրանցվել, որը 2018 թվականի մայիսի նկատմամբ ավելի է 242 հազար 331-ով կամ 44 տոկոսով: Այսինքն՝ 2018 թվականի մայիսի համեմատ 242 հազար աշխատատեղ է ստեղծվել ՀՀ-ում: Աշխատավարձային ֆոնդն ավելի է 2018 թվականի մայիսի համեմատ 146 մլրդ դրամով կամ 151 տոկոսով, այսինքն՝ աշխատավարձի ֆոնդը 2,5 անգամ աճել է: Եկամտային հարկի հետ կապված շատ կարևոր ցուցանիշ կա. եկամտային հարկի ցուցանիշը 2018 թվականի մայիսի համեմատ կրկնապատկվել է: «Ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ մենք եկամտային հարկի դրույքաչափը նվազեցրել ենք՝ սահմանելով համահարթ եկամտահարկի դրույքաչափ, բայց արդյունքում հարկային եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են՝ 101 տոկոսով, իսկ միջին աշխատավարձն աճել է 74 տոկոսով»,- ասել է երկրի ղեկավարը:

 

Վիճակագրական տվյալների համաձայն ՝ Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-մայիսին դանդաղել է մինչև տարեկան  5,7% (2024թ.նույն ժամանակահատվածի 11,2% - ից)։ Ընդ որում, մեկ տարի առաջ աճի շարժիչ ուժ հանդիսացող արդյունաբերության հատվածը ներկայիս երկնիշ անկմամբ թուլացնում է տնտեսական աճի տեմպերը։ Վիճակագրության համաձայն, 2025թ. հունվար-մայիս ամիսներին տնտեսական ակտիվության աճի նման արտահայտված արգելակումն առավելապես բխել է արդյունաբերության հատվածի տարեկան դինամիկայի վատթարացումից՝ 22% աճից մինչև 14,1% անկում, և առևտրի ոլորտի աճի խիստ դանդաղումից՝ 24,6%-ից մինչև 4,2%։ Աճի առանց այդ էլ ցածր տեմպերի թուլացում է նկատվում նաև էներգահամալիրում՝ չնչին 1,5% - ից մինչև լճացման 0,6%: Ընդ որում, ծառայությունների ոլորտին հաջողվել է արագացնել տարեկան աճը՝ 3,7% - ից հասնելով 10,1% - ի, ինչը դիտվել է նաև շինարարության ոլորտում ՝ 14,9% - ից մինչեւ 17,1%: 2025թ. հունվար-մայիսի վիճակագրական տվյալներով՝ ըստ բացարձակ մեծության առաջատար դիրքը պահպանում առևտրի հատվածը՝  2.4 տրլն դրամ (6.1 մլրդ դոլար) ծավալով։ Ծավալով երկրորդ տեղը զբաղեցնում է ծառայությունների ոլորտը՝ 1.5 տրիլիոն դրամ (3.8 մլրդ դոլար), երրորդը՝ արդյունաբերական հատվածն է՝ 1.03 տրլն դրամ (2.6 մլրդ դոլար), իսկ չորրորդ տեղում, այս վիճակագրական հաշվետվության մեջ աագրոհատվածի վերաբերյալ տվյալների բացակայության պատճառով, շինարարության հատվածն է՝ 165.5 մլրդ դրամ (421.3 մլն դոլար)։ Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2025թ. հունվար-մայիսին կազմել է 3709,4 մլն կվտ/ժամ, որից միայն մայիսին՝ 579,8 մլն կվտ/ժամ: