Հինգշաբթի, 26 Հունիսի 2025 14:10
Ալեքսանդր Ավանեսով

Չինաստանում ներկայացվել են Հայաստանում արհեստական բանականության գործիքների կիրառմամբ իրականացվող նախաձեռնությունները

Չինաստանում ներկայացվել են Հայաստանում արհեստական բանականության գործիքների կիրառմամբ իրականացվող նախաձեռնությունները

Արմինֆո. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Տյանցզին քաղաքում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը, ավտոմատացումը և աշխատանքի ապագան» թեմայով պանելային քննարկմանը։

 

Հանդիպմանը մասնակցել են տարբեր երկրների բարձրաստիճան հյուրեր, տեխնոլոգիական և ակադեմիական ոլորտների ներկայացուցիչներ։

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկման ընթացքում նախարար Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման գործընթացները, արհեստական բանականության գործիքների կիրառմամբ իրականացվող նախաձեռնությունները, ինչպես նաև ՀՀ Զբաղվածության 2025-2031 թթ․ ռազմավարական ծրագրի հիմնական դրույթները։

 

«Արհեստական բանականության կիրառմամբ՝ մենք փորձում ենք փոխել խոցելի խմբերին ճանաչելու և աջակցելու ձևը։ Ներդրված համակարգը վերլուծում է համապարփակ տվյալներ՝ ժողովրդագրության, զբաղվածության, առողջության և կրթության ոլորտներից՝ խոցելի խմբերին բացահայտելու և սոցիալական ռիսկեր կանխատեսելու նպատակով։ Մեր նպատակը միայն վարչարարական արդյունավետությունը չէ, այլ՝ քաղաքացիների զորեղացումը, այսինքն՝ աջակցել շահառուներին հաղթահարել դժվարությունները և անցում կատարել ինքնաբավ և կայուն կենսակերպի»,- նշել է նախարարը։