Արմինֆո. Իսպանիայի Սևիլիա քաղաքում ՄԱԿ Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, ՄԱԿ Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Վահագն Խաչատուրյանը հանդիպել է նաեւ Քենիայի Հանրապետության նախագահ դոկտոր Ուիլյամ Ռուտոյին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ուղղված հեռանկարներին։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիները՝ տնտեսական, բնապահպանական և միջազգային կազմակերպությունների հարթակներում համագործակցության առումներով։ Կարևորվել է երկխոսության շարունակականությունը և միջազգային ու տարածաշրջանային խնդիրների շուրջ կարծիքների փոխանակումը։ Հատուկ ուշադրություն է դարձվել նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։ Նախագահներն ընդգծել են նման համաժողովների նշանակությունը համաշխարհային բնապահպանական օրակարգում։
Հանրապետության նախագահը նաև նշել է, որ ուրախ կլինի համաժողովի շրջանակում Երևանում հյուրընկալել Քենիայի իր գործընկերոջը։
Իր հերթին Քենիայի նախագահը հրավիրել է Հանրապետության նախագահին պատեհ պահի այցելել իրենց երկիր, ինչպես նաև առաջարկել է համագործակցության հետագա խթանման համատեքստում նկատի ունենալ դեսպանություն հիմնելու հնարավորությունը։
Իսսպանիայում Վահագն Խաչատուրյանը հանդիպել է նաեւ Անգոլայի նախագահ Ժոաո Լորենսոյի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման ուղիներն ու հնարավորությունները։ Կողմերն անդրադարձել են տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, ադամանդագործության և հարակից ոլորտներում առկա փոխգործակցության ներուժի բացահայտման և իրագործման հարցերին։
Անգոլայի նախագահն իր խոսքում պատրաստակամություն է հայտնել մասնավորապես ադամանդագործության ոլորտում փոխգործակցության խթանմանը, նկատի ունենալով նաև այն, որ Հայաստանն այս բնագավառում ունի ձևավորված ավանդույթներ, որոնք զարգացման մեծ ներուժ ունեն։
Առանձնահատուկ ընդգծվել է նաև Անգոլայում Թումո կենտրոն հիմնելու նախաձեռնության կարևորությունը՝ դիտարկելով այն որպես արդյունավետ քայլ ոլորտային համագործակցության խորացման ուղղությամբ։
Կողմերը նաև շեշտել են միջգերատեսչական խորհրդակցությունների խթանման անհրաժեշտությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու ծրագրային համագործակցության համակարգման արդյունավետ մեխանիզմ։