Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025 11:44
Ալեքսանդր Ավանեսով

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն

Արմինֆո.Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում նշանակվել է Ֆաբրիցիո Զարկոնեն:

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հաղորդագրության համաձայն,  Զարկոնեն պաշտոնը ստանձնում է 2025 թ. հուլիսի 1-ից։  Նա ծագումով իտալացի է, ունի ավելի քան երկու տասնամյակի փորձ զարգացման ոլորտում, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Ենթասահարական Աֆրիկայում։ Նա կշարունակի ՀՀ կառավարության և երկրում գործող զարգացման գործընկերների հետ արդյունավետ երկխոսության և համագործակցության ավանդույթը։ Զարկոնեն կղեկավարի Համաշխարհային բանկի Հայաստանի հետ հաստատված «Երկրի գործընկերության շրջանակի» իրականացումը, կապահովի բանկի ընթացիկ և նոր հաստատված ծրագրերի արդյունավետ իրականացումը՝ մասնավորապես էներգետիկայի և ջրային ոլորտներում, ինչպես նաև կառաջնորդի Երևանի գրասենյակի թիմը։

 

«Ինձ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանի գրասենյակին և ամրապնդել մեր համագործակցությունը Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ։ Իմ ուշադրության կենտրոնում կլինի երկրի զարգացման առաջնահերթություններին աջակցելը՝ հատկապես դիմակայունության ուժեղացումը, աշխատատեղերի ստեղծումը, ներդրումները մարդկային կապիտալում՝ զուգահեռ խթանելով կլիմայական գործողություններն ու ներառական աճը», – նշել է Ֆաբրիցիո Զարկոնեն։

 

Նախքան Հայաստանում նշանակվելը Զարկոնեն եղել է Թաիլանդում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար։ Մինչ այդ նա ղեկավարել է բանկի գրասենյակները Բուլղարիայում, Չեխիայում և Սլովակիայում՝ կառավարելով լայնածավալ տեխնիկական աջակցման ծրագրեր։ Նա նաև ղեկավարել է Կոստա Ռիկայի և Սալվադորի գրասենյակները՝ համակարգելով վարկային և խորհրդատվական ծրագրերը։ Կարիերայի ավելի վաղ փուլում Զարկոնեն աշխատել է Մերձավոր Արևելքում՝ համակարգելով բյուջետային աջակցության կարևոր ծրագրեր Արևմտյան Ափում և Գազայի գոտում։


Նա ունի Իսպանիայի Բիզնեսի կառավարման բարձրագույն բիզնես դպրոցի (Escuela Superior de Administración y Dirección de Empresas (ESADE)) կողմից մենեջմենթի գիտությունների դոկտորի կոչում, ինչպես նաև եվրոպական տնտեսագիտության և իրավունքի մագիստրոսի աստիճան: