
Արմինֆո.2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 1 տրլն 356.0 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2025 թվականի պետական բյուջեի համամասնություններով առաջին կիսամյակի համար նախատեսված ցուցանիշից` 1 տրլն 346.6 մլրդ դրամից, ավելի է 9.4 մլրդ դրամով կամ 0.7%-ով, իսկ վերանայված ցուցանիշից` 1 տրլն 349.8 մլրդ դրամից, ավելի է 6.2 մլրդ դրամով կամ 0.5%-ով: Այդ մասին հաղորդում է գերատեսչության ղեկավար Էդուարդ Հակոբյանը՝ սոցցանցի իր էջում ։
«Համեմատության համար նշեմ, որ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում պետական բյուջե մուտքագրվել են 1 տրլն 187.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտներն աճել են 168.4 մլրդ դրամով կամ 14.2%-ով», - նշել է նա:
2025 թվականի պետբյուջեի համաձայն ՝ ընթացիկ տարում ակնկալվում է ՀՆԱ-ի 5.1% աճ ։ Եկամուտները կկազմեն 2 տրլն 873.6 մլրդ դրամ, որից 2 տրլն 720.3 մլրդ դրամը հարկային մուտքերն են և պետական տուրքը: Ծախսերը կանխատեսվում են 3 տրլն 441.6 մլրդ դրամի չափով, որից ընթացիկ ծախսերի գծով կհատկացվի 2 տրլն 706.8 մլրդ դրամ: