Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025 13:05
Նաիրա Բադալյան

Աշխարհի խոշորագույն ՏՏ-աքսելերատորներից մեկը՝ ամերիկյան «Plug and Play»-ը, Հայաստանում մշտական ներկայացուցչություն կբացի

Աշխարհի խոշորագույն ՏՏ-աքսելերատորներից մեկը՝ ամերիկյան «Plug and Play»-ը, Հայաստանում մշտական ներկայացուցչություն կբացի

Արմինֆո Կառավարությունն այսօրվա նիստում  ընդունել է որոշում, որով նախատեսվում է կարգավորել միջազգային հեղինակավոր աքսելատորի՝ «Plug and Play»-ի հետ երկարաժամկետ պայմանագրի կնքման գործընթացը: Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում:

 

Ինչպես նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, դեռևս 2023-2024 թթ. նախարարությունը հանձն էր առնել աշխարհի թոփ 5 լավագույն աքսելերացիոն ծրագրեր իրականացնող ընկերություններից մեկին հրավիրել Հայաստան: Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Plug & Play Germany GmbH» կազմակերպությունը, որը Հայաստանում 2024-2025 թթ. իրականացրել է 26 շաբաթյա աքսելերացիոն ծրագիր՝ տրամադրելով խորհրդատվական ծառայություններ, բիզնեսի զարգացման և գործարար կապերի հաստատման օժանդակում, նորարարության աջակցություն և անհատական մենթորություն:

 

Նախարարի խոսքով՝ համագործակցության շարունակականությունը կարևոր պայման է ստարտափ էկոհամակարգի հետևողական զարգացման համար։ Ըստ Մխիթար Հայրապետյանի, հիմք ընդունելով այն փաստը, որ «Plug and Play» կազմակերպության հետ արդեն իսկ առկա է հաջողված ծրագիր, կազմակերպությունը քաջատեղյակ է հայաստանյան շուկային և ստարտափ էկոհամակարգին՝ առաջարկվում է «Plug and Play»-ի հետ համագործակցությունը դարձնել շարունակական՝ հնարավորություն տալով ձեռք բերված արդյունքները զարգացնել առաջիկա տարիների ընթացքում: «Plug and Play»-ը Հայաստանում կհիմնի մասնաճյուղ և համագործակցության 3 տարիների ընթացքում աքսելերատորը կիրականացնի ինկուբացիոն, նախաաքսելերացիոն և աքսելերացիոն ծրագրեր: Միջազգային հեղինակավոր աքսելերատորի մուտքը և երկարաժամկետ գործունեությունը երկրում մեծ ազդեցություն կունենա ստարտափ էկոհամակարգի զարգացման և մրցունակության վրա:

Արձագանքելով՝ վարչապետը նշել է, որ սրանով արձանագրվում է՝ ոլորտի համաշխարհային խոշոր խաղացողներից մեկն արդեն ներկայություն ունի ՀՀ-ում: