Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025 16:00
Ալինա Հովհաննիսյան

Եվրոպական ներդրումային բանկը շարունակում է մնալ Հայաստանի առանցքային գործընկերը ենթակառուցվածքային նախագծերում. նախարար

Եվրոպական ներդրումային բանկը շարունակում է մնալ Հայաստանի առանցքային գործընկերը ենթակառուցվածքային նախագծերում. նախարար

Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Արևելյան պետական հատվածի ընդլայնման և ԵՄ հարևանության վարկային գործառնությունների բաժնի ղեկավար Մատեո Ռիվելլինիի գլխավորած պատվիրակությանը։

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ ԵՆԲ-ն առանցքային գործընկեր է ենթակառուցվածքային խոշոր ծրագրերի իրականացման գործընթացում և համագործակցությունն առանցքային է Հայաստանի համար։

Նախարարը պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու առկա համագործակցության շրջանակը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային, ճանապարհաշինության ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերը։

Հիշեցնենք, որ Եվրոպական ներդրումային բանկը Եվրամիության պետական ֆինանսավարկային հաստատությունն է՝ երկարաժամկետ վարկերի տեսքով հետամնաց եվրոպական տարածաշրջանների զարգացումը ֆինանսավորելու համար:

Ստեղծվել է 1958 թվականին՝ երկրների համար հետաքրքրություն ներկայացնող օբյեկտների կառուցման և վերակառուցման համար վարկեր տրամադրելու նպատակով։ Ներկայումս Բանկը գործում է ոչ միայն ԵՄ անդամ պետություններում, այլև ավելի քան 160 երկրներում:

Ինչպես ասվում է ԵՆԲ կայքում, Հայաստանում այն գործում է Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ), Արևելյան գործընկերության (ԱլԳ) և ԵՄ այլ երկկողմ համաձայնագրերին համապատասխան: Վերջին տասնամյակում բանկը ֆինանսավորում է տրամադրել մի շարք նախագծերի ՝ ենթակառուցվածքներից և փոքր բիզնեսներից մինչև ջրամատակարարման և կեղտաջրերի մաքրման ծառայություններ: Անցած ժամանակահատվածում ԵՆԲ-ն ֆինանսավորել է շուրջ 640 մլն եվրոյի 210 նախագիծ ։ ԵՆԲ-ը Հայաստանում գործունեություն է ծավալում, հիմնականում, էներգետիկայի, տրանսպորտի, ճանապարհաշինության, ջրամատակարարման, կոշտ թափոնների կառավարման և շրջակա միջավայրի ոլորտներում: