Արմինֆո. Հայաստանն ունի տարածաշրջանում նորարարական լուծումների կարևոր կենտրոն դառնալու բոլոր հնարավորությունները։ Նման կարծիք է հայտնել Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում եւ Աֆրիկայում Binance տարածաշրջանային շուկաների ղեկավար Կիրիլ Խոմյակովը՝ Երեւանում Binance meet up մասնագիտացված միջոցառման ժամանակ:
Այդ առնչությամբ նա նշել է, որ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը գտնվում է ակտիվ ձեւավորման փուլում ՝ հաշվի առնելով թվային ակտիվների, Web3 գործիքների եւ բլոկչեյն կրթության նկատմամբ կայուն եւ աճող հետաքրքրությունը: Փորձագետի խոսքով՝ դա նկատվում է ինչպես մասնավոր օգտատերերի, այնպես էլ բիզնեսի կողմից։
Խոմյակովը նշել է, որ Binance-ը մտադիր է Հայաստանում աջակցել կրիպտո-համայնքին՝ իրականացնելով կրթական նախաձեռնություններ, մասնագիտացված ծրագրեր, և վարելով բաց երկխոսություն: «Մենք հավատում ենք, որ ուժեղ և ներգրավված համայնքը կրիպտո-արդյունաբերության կայուն աճի առանցքային հիմքն է: Եվ Հայաստանի համար սա նոր սկիզբ է», - ընդգծել է նա։
Իր հերթին՝ միջոցառման ընթացքում ԱՊՀ երկրներում ընկերության զարգացման տարածաշրջանային մենեջեր Բախա Տուրաևը, ներկայացնելով Հայաստանի վերաբերյալ վիճակագրությունը, հաղորդել է, որ հայ օգտատերերն, առաջին հերթին, նախապատվությունը տալիս են բիթքոինի գնմանը: Երկրորդ տեղում է էտերիումը, որին հաջորդում են այլ կրիպտոարժույթներ: Նա նաև հավելել է, որ Հայաստանը կրիպտոարժույթների ոլորտում լավ արդյունքներ է ցույց տալիս՝ բարձր գնահատելով ֆինանսական գրագիտության մակարդակը:
Նշենք, որ միջոցառման մասնակիցները քննարկել են վերջին ամիսներին իրականացված նախաձեռնությունները, առաջիկա նախագծերն ու թարմացումները: Հանդիպմանը ներկա էին ավելի քան 400 հյուրեր, ինչպես տեղական կրիպտո և բլոկչեյն համայնքի, այնպես էլ ԱՊՀ ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ մայիսի վերջին Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող օրինագիծ, որը հիմնված է եվրոպական The Markets in Crypto- Assets Regulation (MiCA) կանոնակարգի վրա եւ նախատեսում է, որ կրիպտոակտիվները չեն դառնա վճարման միջոց, բացառությամբ՝ շրջանառության էլեկտրոնային փողի:
Օրինագծում շեշտադրում է արվում թողարկողի համար White Paper հրապարակելու պահանջի սահմանման կարևորության վրա, որում, սովորաբար, նկարագրվում է դրա նպատակը, տեխնոլոգիան, առանձնահատկությունները, աշխատանքի սկզբունքը, առաջադրանքները և տեխնիկական բնութագրերը: Կրիպտոակտիվների հետ կապված ծառայությունների մատուցումը կդառնա լիցենզավորված գործունեության տեսակ։ Արգելվելու են գնային չարաշահումները և ներքին առևտուրը:
Ներդրվում է նաեւ ֆինանսական հիգիենայի մեխանիզմ' կրպպիտոընկերությունների հիմնադիրների եւ կապիտալի աղբյուրների նկատմամբ վերահսկողություն' փողերի լվացման ռիսկերը նվազեցնելու համար:
Միևնույն ժամանակ, կստեղծվեն հաճախորդների շահերի պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ, այդ թվում ՝ շահերի բախման կանխարգելման, հաճախորդներից ստացվող բողոքների և պահանջների ընդունման և քննարկման ընթացակարգեր, հաճախորդների դրամական միջոցների պաշտպանություն, վարքագծի կանոններ, անհրաժեշտ տեղեկատվության հրապարակում և թափանցիկության ապահովման այլ պահանջներ, որոնք թույլ կտան հաճախորդներին օգտվել մատուցվող մասնագիտական ծառայություններից, ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն որոշումներ կայացնելու համար, անհրաժեշտության դեպքում, դիմել ֆինանսական հաշտարարին, ինչպես նաև օգտագործել առկա այլ հնարավորություններ իրենց շահերի պաշտպանության համար: