Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025 13:15
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանը մտադիր է վավերացնել ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին համաձայնագիրը

Հայաստանը մտադիր է վավերացնել ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին համաձայնագիրը

Արմինֆո Հայաստանը մտադիր է վավերացնել «Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին» համաձայնագիրը, որն ստորագրվել է անցած տարվա դեկտեմբերի 13-ին։ ՀՀ կառավարությունը հուլիսի 10-ի նիստում հավանություն է տվել համաձայնագրի նախագծին։

 

Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի N 1106-Ն որոշմամբ հաստատված է ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները և չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման երթուղու տրամադրման թույլտվության կարգը, տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն զանգվածները և չափերը հաստատելու մասին թույլտվության տրամադրման կարգը։

 

Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածի, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի չափորոշիչները համապատասխանեցնելը անդամ-պետություններում գործող նորմերին դյուրացնում է բեռնափոխադրումների իրականացման գործընթացը իրավական կարգավորումների առումով։

 

Հայաստանի Հանրապետությունը նպատակահարմար է համարում ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում գործող կարգավորումների ներդաշնակեցմանը ԵՏՄ անդամ-պետությունների միջև, որը պետք է իրականացվի միջազգային համաձայնագրերի հիման վրա։

 

Համաձնայնագրի ստորագրումը համահունչ է Հայաստանի Հանրապետության Կառավարության 18 նոյեմբերի 2021 թվականի N 1902-Լ որոշման Հավելված  1-ով հաստատված «Արտաքին գործերի նախարարություն» բաժնի 4-րդ կետի (4․3 ենթակետ) շրջանակներում նախատեսվող «ԵԱՏՄ շրջանակներում նախաձեռնողական և փոխշահավետ համագործակցություն՝ միտված կառույցի ընձեռած հնարավորությունների առավելագույն կիրառմանը, գործընկեր երկրների հետ առևտրաշրջանառության ծավալների աճին»  միջոցառմանը։

 

Համաձայնագրով նախատեսված դրույթները համապատասխանում են ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների միջազգային համաձայնագրերով և պայմանավորվող կողմ պետությունների օրենսդրություններով սահմանված պահանջներին:

 

Ելնելով վերոնշյալից և հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նպատակահարմար է համարում Համաձայնագրի վավերացումը: