Արմինֆո. Հուլիսի 8-10-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում մասնակցել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ/WIPO) անդամ երկրների վեհաժողովների 66-րդ շարքի հանդիպումներին, ինչպես նաև դրանց շրջանակում անցկացված միջազգային ցուցահանդեսին։
Ինչպես հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, հուլիսի 9-ին ՄՍՀԿ կենտրոնակայանում հանդիսավորությամբ բացվել է Հայաստանի ազգային ցուցահանդեսային տաղավարը, որի նպատակն է միջազգային հարթակում ընդգծել Հայաստանի մշակութային ու ստեղծարար ներուժը և ներկայացնել մեր երկրի բազմադարյա ավանդույթներն ու ինքնատիպությունը։
Բացման խոսքում նախարար Գևորգ Պապոյանը շեշտել է, որ առանց մտավոր սեփականության ոլորտի համապարփակ զարգացման անհնար է պատկերացնել կայուն տնտեսական առաջընթաց․ «Մտավոր սեփականության արդյունավետ պաշտպանությունը կայուն տնտեսական աճի առանցքային բաղադրիչներից է։ Այն խթանում է ստեղծագործական ու նորարարական ներուժը, աջակցում է գիտահետազոտական աշխատանքներին և ապահովում է ավանդական գիտելիքների ու մշակութային արժեքների առևտրայնացման հնարավորությունները։ Հայաստանի համար սա միայն իրավական կարգավորում չէ, այլ ազգային զարգացման ռազմավարական ուղղություն»,- նշել է նախարարը։
Հայկական տաղավարում ներկայացվել են մեր երկրի մշակութային ժառանգության տարբեր ոլորտները՝ հայկական գինիներ, «Արարատ» բրենդը, գինեգործության հազարամյա ավանդույթները, հայկական կարպետագործությունը և ասեղնագործությունը, ինչպես նաև ազգային խոհանոցի խորհրդանշական ուտեստները։
Հայաստանի տաղավարը կգործի ՄՍՀԿ համաժողովների ամբողջ ընթացքում՝ դառնալով մշակութային երկխոսության, համագործակցության և ազգային ինքնության արժևորման հարթակ։