Արմինֆո. Արմավիրի մարզի ծաղկաբույծները հայտնվել են անօգնական վիճակում։ Հունիսի 28-ից, գործնականում, դադարեցվել է հայկական ծաղկի արտադրանքի արտահանումը ՌԴ՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակիչ միջոցառումների պատճառով։
Կազմակերպությունը դեռևս ամռան սկզբին ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին ուղղված պաշտոնական գրությամբ խնդրել էր սպառիչ միջոցներ ձեռնարկել և ուժեղացնել վերահսկողությունը մատակարարվող ապրանքների նկատմամբ: Առիթը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման թվի աճն է։ Մասնավորապես, «Ռոսսելխոզնադզոր»-ի տարածքային վարչությունների կողմից անցկացված կարանտինային բուսասանիտարական հսկողության արդյունքների համաձայն, հայտնաբերվել է արևմտյան ծաղկային թրիփսով (Frankliniella occidentalis Pergande) ծաղիկների վարակման 13 դեպք:
Անհրաժեշտ արձագանքման միջոցների բացակայության եւ կարանտինային օբյեկտների հայտնաբերման շարունակման դեպքում "Ռոսսելխոզնադզոր"-ը հաղորդել է, որ ստիպված կլինի 2025 թվականի հունիսի 16-ից ժամանակավոր սահմանափակումներ մտցնել երրորդ երկրներից հայկական բուսասանիտարական հավաստագրերի ուղեկցությամբ Ռուսաստան ծաղկային արտադրանքի ներմուծման վրա:
Ծաղկաբոույծները իրավիճակի առնչությամբ անհրաժեշտություն չեն տեսնում դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՝ լուծումներ գտնելու համար, քանի որ գերատեսչությունում վերջին հանդիպումը որևէ արդյունք չի տվել: Արտահանողները օգնություն են խնդրում վարչապետից, հայտարարելով, որ հակառակ դեպքում ծայրահեղ քայլերի կդիմեն՝ մինչև իրենց խնդիրը չլուծվի։ Նրանցից շատերը ծաղկի բիզնեսը զարգացնելու համար վարկային պարտավորություններ են ստանձնել, ջերմոցային տնտեսություններ, աշխատատեղեր են ստեղծել, բայց հիմա հայտնվել են սնանկացման եզրին և ստիպված են ոչնչացնել իրենց արտադրանքը։
Էկոնոմիկայի նախարարությունում ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցմանն ի պատասխան նշել են, որ գերատեսչությունում քաջատեղյակ են խնդրի մասին, և այժմ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ հարցի լուծման համար: Էկոնոմիկայի նախարարությունը խոստացել է առաջիկայում իրավիճակի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել: