
Արմինֆո. «ԱՄԻՕ Բանկը» կազատվի մաքսատուրքի վճարումներից սարքավորումների, համալրող մասերի և հումքի ներմուծման դեպքում: Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հուլիսի 17-ի նիստում։
Ինչպես նշվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ, նախագծի մշակումը պայմանավորված է «ՄԵԼ ՄԵՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՄԻՕ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվող և հետագայում ընկերությանը տրամադրվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու անհրաժեշտությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N1118-Ն որոշման համապատասխան: «ՄԵԼ ՄԵՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող սարքավորումը նախատեսվում է օգտագործել կապարաթթվային մարտկոցների վերամշակման համար։ Գործունեությունն իրականացվելու է Արտաշատ քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․2 մլրդ դրամի ներդրում հիմնական միջոցների և հումքի ձեռքբերման, շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 27 աշխատատեղ 135 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 42-ի՝ 170 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 129 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 8․2 մլն դրամ։
Ընկերությունը նախատեսում է ցանկում ներկայացված ապրանքը ներմուծել «ԱՄԻՕ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Լիզինգատու կազմակերպություն) միջոցով՝ պայմանով, որ ապրանքը ներմուծելուց հետո, այն հանձնելու է «ՄԵԼ ՄԵՏԱԼ» ՍՊ ընկերությանը՝ ներդրումային ծրագրի իրականացման համար։
Ներմուծվող ապրանքը չի ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։