
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հեղուկ գազի շուկայում գների փոփոխության հարցով զբաղվելու կոչով դիմել է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովին:
Facebook-ի իր էջում նա նշել է, որ միայն երեկ ՀՀ է մտել հեղուկ գազով բեռնված 77 մեքենա, իսկ վերջին 1 շաբաթում այդ թիվը կազմել է 331 մեքենա։ «Կարծում եմ ժամանակն է, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը զբաղվի հեղուկ գազի շուկայում գների փոփոխության հարցով», - նշել է նախարարը։
Հիշեցնենք, որ վերջին օրերին Հայաստանում ավտոմեքենաներում լայնորեն կիրառվող հեղուկ բնական գազի գինը բարձրացել է 40 տոկոսով՝ այն բանից հետո, երբ Վրաստանն արգելափակել է Ռուսաստանից հեղուկ գազի տարանցումը: Այդ խոչընդոտը հետեւել է համանման քայլին, երբ Վրաստանն արգելափակել էր հայկական կոնյակի արտահանումը Ռուսաստան։ Հուլիսի 16-ին Հայաստանում հեղուկ գազի գինը հասել է 1 լիտրի դիմաց 170 դրամի՝ նախկին 120-130 դրամի փոխարեն։
Նախօրեին Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտարարել էր, որ տարածված տեղեկատվությունը Հայաստանում հեղուկ գազի գնի 40 տոկոսով բարձրացման մասին՝ այն բանից հետո, երբ Վրաստանն ընդհատել է Ռուսաստանից Հայաստան նավթի տարանցումը, ապատեղեկատվություն է և "ծառայում է հանրությանը մոլորեցնելու, գերատեսչությունը վարկաբեկելու և այդ հարցը քաղաքական խնդիր դարձնելու փորձին": Ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ "ավելացած բեռնաշրջանառության պայմաններում միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ բոլոր մաքսային ընթացակարգերն իրականացվում են հատուկ/ուժեղացված ռեժիմով ՝ դրանց անարգել երթևեկությունն ապահովելու համար":
Բացի այդ, Վրաստանի բոլոր մաքսային անցակետերում մաքսատան աշխատակիցները լիարժեք պատրաստ են ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ տրանսպորտային միջոցների զննումն իրականացնել օպերատիվ եւ շուրջօրյա ռեժիմով: Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը գտնում է, որ ԶԼՄ-ների կողմից տարածվող լուսանկարներն ու տեսանյութերը (նավթամթերքով բեռնված տրանսպորտային միջոցները) չեն արտացոլում մաքսային անցակետերում, այդ թվում ՝ "Կազբեգի" մաքսակետում տիրող իրական վիճակը, որտեղ կարճ ժամանակահատվածում նկատվել է բեռնատարների փոքր ուշացում, որն ամբողջությամբ վերացվել է:
Նախորդ տարվա տվյալներով ՝ երկու ուղղություններով "Կազբեգի" մաքսակետով ձևակերպվել է 364 670 բեռնատար ավտոմեքենա: