Ուրբաթ, 18 Հուլիսի 2025 18:38
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու «Ամբեր Կապիտալ»-ը պատրաստ են շարունակել արդյունավետ համագործակցությունը

Հայաստանն ու «Ամբեր Կապիտալ»-ը պատրաստ են շարունակել արդյունավետ համագործակցությունը

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 18-ին ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության Լոնդոնի գրասենյակի կառավարող գործընկեր Կամիլիո Ազզուզիին և «Ամբեր Կապիտալ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Անուշավան Սիմոնյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն,  հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-Հայաստան ՓՄՁ ներդրումային հիմնադրամի գործունեության արդյունքները, ընթացիկ և նախատեսվող ներդրումային ծրագրերը, ինչպես նաև ֆոնդում ՀՀ կառավարության մասնակցության հետ կապված ընթացիկ հարցերը։

Նախարարը կարևորել է հիմնադրամի դերը հայկական տնտեսության տարբեր ոլորտների ֆինանսավորման գործում։

Ֆոնդն իր գործունեության ընթացքում արդեն իրականացրել է 13 ներդրում՝ էներգետիկա, սննդի վերամշակում, գյուղատնտեսություն, առողջապահություն և այլ ոլորտներում գործող ընկերություններում։

Կառավարության և «Ամբեր Կապիտալ»-ի ներկայացուցիչները վերահաստատել են արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ ուղղված Հայաստանի տնտեսության երկարաժամկետ զարգացմանը։