
Արմինֆո. Ինչքան է դեռ լռելու ՏԿԵՆ-ը «Խաղաղության խաչմերուկի» տեխնիկատնտեսական իրագործելիության ուսումնասիրության մասին: Նման հարց է հնչեցրել ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը:
«Դեռ անցած տարի հուլիսին, երբ երկու փոխվարչապետները հանդիպեցին ԱՄՆ պետդեպի պաշտոնյա Էրին Մըքիի գլխավորած պատվիրակությանը, պարզ դարձավ, որ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվում է տեխնիկատնտեսական իրագործելիության ուսումնասիրության (իմ տեղեկություններով կոնտրակտորը եղել է միջազգային ընկերություն և արժեքը գերազանցել է $1 մլն)։
Հետագայում, Yerevan Dialogue միջոցառման ժամանակ ՏԿԵՆ փոխնախարար Արմեն Սիմոնյանը ներկաներիս ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկի» բաղադրիչներից մեկի՝ Մեղրի-Երասխ-Ախուրիկ երկաթգծի տեխնիկատնտեսական իրագործելիության նախնական ուսումնասիրությունը, ահա մի քանի թիվ այդ օրվա շնորհանդեսից՝
Ներդրումների չափ` ~$360 մլն
Economic Internal Rate of Return (EIRR)` 8.69%
Ուղևորափոխարդման ծավալը (տարեկան)` 292,000
Բեռնափոխադրման ծավալը (տարեկան)՝ 4.64 մլն տոննա
Որպեսզի լավ պատկերացնեք այս թվի մեծությունը, 2024թ-ին Հայաստանի երկաթուղու բեռնափոխադրման ծավալը ընդամենը 1.44 մլն տոննա է եղել, իսկ այս 4.64 մլն տոննան ըստ կանխատեսումների մինչև 2050թ-ը պետք է հասնի մոտ 9.9 մլն տոննայի։ Կարճ ասած, այս բաղադրիչը այս տեսքով տնտեսապես շահավետ է․․․
Թվում է այս ուսումնասիրության, թեկուզ նախնական արդյունքները, օր առաջ ՏԿԵՆ-ը պետք է հանրայնացներ, փոխնախարարը ամեն «սառնարանից» պիտի խոսեր դրա մասին, բայց նա լռում է․․․ վերջերս այլ թեմայով մի հանդիպման ժամանակ, երբ հարցրեցինք այս ուսումնասիրության մասին, Արմեն Սիմոնյանը խոստացավ գրավոր նամակի դեպքում տրամադրել։ Մեծ էր մեր զարմանքը, երբ ի պատասխան մեր նամակի ՏԿԵՆ մյուս փոխնախարարը հայտնում էր, որ իրենք այդպիսի հետազոտություն չունեն, հետագա մեր բոլոր փորձերը Արմեն Սիմոնյանից խելամիտ պատասխան ստանալու անհաջող էին...
Այս հրապարակումն անելիս մտածում էի տեսնես այս 34 տարվա ընթացքում քանի միլիոն դոլարի հետազոտություններ են փոշոտվել-մնացել մեր պաշտոնյաների դարակներում, որոնք հետո դրանք հետները տարել են կամ գցել աղբարկղը, կամ քանի համակարգիչ է այդպես «ֆորմատ արվել»․․․
Հ․Գ․ Ենթադրում եմ պատճառ է բերվելու, որ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորման դադարեցման պատճառով վերջնական հաշվետվությունը չկա, դրա համար չենք կարող տրամադրել, բայց այդ դեպքում ավելի շատ հարցեր են առաջանում՝ վերջին 6 ամսում ի՞նչ է արել նախարարությունը ուսումնասիրությունն ավարտին հասցնելու համար, մեր երկրին այդ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը էլ պետք չի՞…», - գրել է Հայկազ Ֆանյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 26-ին Թբիլիսիում կայացած "Մետաքսի ճանապարհ" միջազգային համաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր "Խաղաղության խաչմերուկ" նախագիծը, որն, ըստ էության, 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման նախագծի հայկական տարբերակն է։ Նրա խոսքով, "Խաղաղության խաչմերուկը" կարող է միմյանց կապել Հարավային Կովկասի պետությունները, ինչպես նաեւ Եվրասիայի հսկայական տարածքը ավտոճանապարհներով եւ երկաթուղիներով, էներգետիկ հաղորդակցություններով՝ գազատարներով, մալուխներով, էլեկտրահաղորդման գծերով: "Խաղաղության խաչմերուկ" նախագծի իրագործման միջոցով գործելու են ամենակարճ երթուղին Սև ծովի և Պարսից ծոցի միջև, Իրանի Իսլամական Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի տարածքներով (սա հյուսիս-հարավ ուղղությունն է), ինչպես նաև ամենակարճ երթուղին Կասպից և Մարմարա ծովերի միջև, Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի տարածքներով (սա արևելք-արևմուտք ուղղությունն է):