Արմինֆո. Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ադիս Աբեբայում հանդիպել է Եթովպիայի զբոսաշրջության նախարար Սելամավիտ Կասսայի հետ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները, փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարները։ Կողմերը կարևորել են մշակութային զբոսաշրջության, բնական ժառանգության պահպանման և զբոսաշրջային հոսքերի խթանման ուղղություններով համագործակցությունը։
Նախարար Պապոյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնել համագործակցությունը Աֆրիկյան մայրցամաքի երկրների, այդ թվում՝ Եթովպիայի հետ՝ զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտներում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխգործակցությունը և դիտարկել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Հուլիսի 29-ին Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության մայրաքաղաք Ադիս Աբեբայում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է ՄԱԿ-ի սննդի համակարգերի 2-րդ գագաթնաժողովի եզրափակիչ նիստին։
Գագաթնաժողովին ներկա են գտնվել բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Եթովպիայի նախագահ Թայե Ացկե Սելասիեն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Ջեյն Մոհամմեդը,
ՄԱԿ֊ի անդամ երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։
«Համատեղ ճանապարհի ձևավորում դեպի 2030՝ Ադիսից Բելեմ, Դոհայից՝ Երևան ու Նյու Յորք» խորագրով քննարկման ժամանակ նախարար Պապոյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով 2026 թվականին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։
Նախարարը շեշտել է կենսաբազմազանության առանցքային դերը գյուղատնտեսության կայուն զարգացման և պարենային անվտանգության ապահովման գործում՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ համագործակցությունը պետք է էլ ավելի խորանա՝ ի նպաստ տարածաշրջանային և գլոբալ կայունության։
Գևորգ Պապոյանը հրավիրել է գագաթնաժողովի մասնակիցներին այցելել Հայաստան՝ մասնակցելու ոչ միայն COP17 համաժողովին, այլև անձամբ ծանոթանալու մեր երկրի հազարամյա մշակույթին և բազմակողմ զարգացման ներուժին։