
Արմինֆո. Հեղուկ գազի շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է ծախսերի ավելացմամբ և առաջարկ-պահանջարկի գործոններով: Նման եզրակացության է հանգել մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ)՝ անցկացված ուսումնասիրության արդյունքում։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հաղորդագրության համաձաայն, ՄՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի ծավալը չի գերազանցում 7 տոկոսը։ Ավելին, ավելի քան 170 սուբյեկտից ներմուծման ծավալներով 3 տոկոս և ավելի կշիռ ունեն ընդամենը 9 տնտեսավարող սուբյեկտ։
Միաժամանակ պարզվել է, որ 2025 թվականի հուլիսին հեղուկ գազի գների բարձրացումը պայմանավորված է եղել հետևյալ հանգամանքներով՝ հեղուկ գազի ձեռքբերման գնի բարձրացմամբ, Վրաստանում արձանագրված լոգիստիկ խնդիրներով, սեզոնայնությամբ պայմանավորված՝ սահմանին առաջացած խցանումների պատճառով ՀՀ քիչ բեռնատարների մուտքով, սեզոնայնությամբ պայմանավորված՝ պահանջարկի մեծացմամբ, ինչը գերազանցել է առաջարկը։
«Այսպիսով, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հեղուկ գազի շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է եղել ինչպես ծախսերի ավելացմամբ, այնպես էլ շուկայում առաջարկ-պահանջարկի գործոններով», - ասվում է ՄՊՀ հաղորդագրությունում։
Նշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում մայրաքաղաքում հեղուկ գազի գինը 120 դրամից դարձել է 200 դրամ, թեև վրացական մաքսակետում առաջացած խնդիրներից հետո Հայաստան մատակարարումներն արդեն վերսկսվել են:
Ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ՄՊՀ-ին կոչ էր արել պարզել երկրում հեղուկ գազի գներին առնչվող իրավիճակը: Նա ակնարկել էր հնարավոր կարտելային համաձայնության մասին, նշելով, որ հեղուկ գազով ավտոցիստեռնների ուշացումները գները բարձրացնելու պատճառ չեն։
Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությունն, իր հերթին, հայտարարել է, որ տարածված տեղեկատվությունը Հայաստանում հեղուկ գազի գնի 40 տոկոսով բարձրացման մասին՝ այն բանից հետո, երբ Վրաստանն ընդհատել է Ռուսաստանից Հայաստան նավթի տարանցումը, ապատեղեկատվություն է և "ծառայում է հանրությանը մոլորեցնելու, գերատեսչությունը վարկաբեկելու և այդ հարցը քաղաքական խնդիր դարձնելու փորձի համար":