Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է 50 մլրդ դրամի (շուրջ 125 մլն դոլար) ներդրումային ծրագրի շրջանակում գնումների գործընթացի մասին:
«Առաջիկա շաբաթասկզբին ՀԷՑ-ը պաշտոնապես կմեկնարկի մեծածավալ նախագծային աշխատանքների գնման մի քանի գործընթացներ՝ միաժամանակ։
Մինչ այդ՝ գնման առարկաների նախահաշվային արժեքների ճշգրիտ հաշվարկների համար անհրաժեշտ կլինի գնանշման (գնհարցում) գործընթացներ իրականացնել, որին էներգետիկ ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների առավելագույն ներգրավումն ապահովելու համար լայն իրազեկման արշավ կիրականացնենք։
Խոսքը շուրջ 50 մլրդ ՀՀ դրամ բյուջեով տարեկան Ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքներին (ենթակայանների վերակառուցում եւ վերազինում, էլեկտրական գծերի կառուցում եւ այլն) եւ մի քանի տասնյակ հազար միացումներին վերաբերող ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ գնման մասին է։
Հ.Գ. Հիշեցնեմ՝ նման ծավալի աշխատանքները մինչ այս պահն իրականացվում էին մենաշնորհային դիրք զբաղեցնող ընդամենը ՄԵԿ կազմակերպության կողմից՝ իր «թելադրած» գներով, իր «թելադրած» պայմաններով…», - գրել է Պետրոսյանը:
Հուլիսի 24-ին կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը հայտարարել էր, որ հաստատված ներդրումային ծրագիրը նախատեսված է մինչև 2034 թվականը և ենթակա է պարտադիր կատարման: Նրա խոսքով, Կարապետյանների ընտանիքը պարտավոր է շարունակել ՀԷՑ ընկերության ներդրումային ծրագրի իրականացումը՝ չնայած ժամանակավոր կառավարչի նշանակմանը: "Նրանք պարտավոր են կատարել ներդրումային ծրագիրը այնպես, ինչպես արել են մինչեւ ժամանակավոր կառավարչի նշանակումը", - ասել էր կարգավորիչի ղեկավարը: