Երկուշաբթի, 4 Օգոստոսի 2025 15:13
Նաիրա Բադալյան

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները ՌԴ գործընկերների հետ քննարկել են ֆիսկալ և բյուջետային ռիսկերի գնահատման համակարգի մշակման շրջանակներում տարվող աշխատանքները

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները ՌԴ գործընկերների հետ քննարկել են ֆիսկալ և բյուջետային ռիսկերի գնահատման համակարգի մշակման շրջանակներում տարվող աշխատանքները

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության աշխատակիցները վարչության պետ Արշալույս Հարությունյանի գլխավորությամբ Ռուսաստանի Դաշնությունում հանդիպումներ են ունեցել ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի ներկայացուցիչների և ՌԴ ֆինանսների նախարարության գործընկերների հետ:

ՀՀ ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում քննարկվել են տնտեսության իրական հատվածի ցուցանիշների կարճաժամկետ կանխատեսումների համակարգի, ինչպես նաև հարկաբյուջետային ռիսկերի գնահատման համակարգի մշակման շրջանակներում կատարված աշխատանքները:

Փորձի փոխանակման ընթացքում հանդիպումներ են անցկացվել ՌԴ ֆինանսների նախարարության բյուջետային քաղաքականության և ռազմավարական պլանավորման դեպարտամենտի տնօրեն Եվգենի Դոմբրովսկու և մակրոտնտեսական քաղաքականության բաժնի պետ Իրինա Գոպտայի հետ: Քննարկվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում դեռևս մշակման փուլում գտնվող մակրոտնտեսական ցուցանիշների միջնաժամկետ կանխատեսման կիսակառուցվածքային մոդելի (Semi-Structural Gap Model/SSGM) առանձնահատկությունները, ինչպես նաև ՌԴ ֆինանսների նախարարությունում նախատեսվող մոդելային համակարգի զարգացման ուղղությունների առանձնահատկությունները: