
Արմինֆո. Էներգետիկ անվտանգության գծով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանն առաջիկա օրերին Հայաստանում բենզինի գների որոշակի աճ է կանխատեսում: Այս կանխատեսման համար հիմք է ծառայել Ռուսաստանի կառավարության որոշումը, որն արգելել է բենզինի արտահանումը երկրից մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 31-ը։
«Հատկանշական է, որ եթե ս.թ. փետրվարին կառավարությունը արգելել էր արտահանում իրականացնել թրեյդերներին և նավթաբազաներին (http://government.ru/news/54358/), ապա այս վերջին որոշմամբ արգելքը տարածվում է նաև արտադրող ընկերությունների վրա: Այսպիսով, խոսքը ամբողջական էմբարգոյի մասին է:
Որոշումը կայացվել է ներքին վառելիքային շուկայում կայուն իրավիճակ ապահովելու նպատակով՝ գյուղատնտեսական աշխատանքների շրջանում պահանջարկի աճի պայմաններում:
Հաշվի առնելով, որ Հայաստանում սպառվող բենզինի «առյուծի բաժինը» ներկրվում է Ռուսաստանից, կարող ենք կանխատեսել գնի որոշակի բարձրացում արդեն առաջիկա օրերին՝ միտում, որը կշարունակվի նաև օգոստոսից հետո:
Այս սցենարից հնարավոր կլինի խուսափել այն դեպքում, եթե Ռուսաստանը, ինչպես 2023 թ.-ին, մեղմացնի նավթամթերքների արտահանման էմբարգոն Հայաստանի համար:
Ճիշտ է, Հայաստանի և ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների համար Ռուսաստանը սահմանել էր քվոտաներ, սակայն բենզինը ներկրվում էր սահմանափակ քանակությամբ: Հայաստանը ստիպած էր դիմել Մոսկվային՝ հավելյալ մատակարարումներ իրականացնելու համար: Արդյունքում Ռուսաստանից Հայաստան մատակարարվեց հավելյալ 15 հազ. տ բենզին և 20 հազ. տ դիզելային վառելիք», - ընդգծել է փորձագետը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Նշենք, որ ՀՀ մաքսային կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականին Հայաստան նավթամթերքի ներմուծումը նախորդ տարվա համեմատ նվազել է 16,4 տոկոսով՝ կազմելով 219,5 հազար տոննա։ Ընդ որում, մաքսային արժեքը կրճատվել է 10%-ով՝ հասնելով 209.7 մլն դոլարի: Հայաստան նավթամթերքի հիմնական մատակարարը մնում է Ռուսաստանը, որին բաժին է ընկնում նավթամթերքի ողջ ներկրման 79.8% - ը: