Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, գործադիրը հաստատել է տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար մատակարարման շղթաների դիվերսիֆիկացիայի ապահովմանն ուղղված պետական աջակցության նպատակային միջոցառումը:
Կառավարության հաղորդագրության համաձայն, որոշման ընդունումը պայմանավորված է «Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2022-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 138-Լ որոշման Հավելվածով N 2 սահմանված՝ տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար մատակարարման շղթայի դիվերսիֆիկացմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ։ Կարգավորման նպատակն է խթանել տեքստիլ արդյունաբերության ոլորտի մրցունակության բարձրացումը, նպաստել հայկական արտադրանքի միջազգային շուկաներում հասանելիության ապահովմանը, խրախուսել հայ արտադրողին ապահովել մրցունակ արտադրանքի ներկայացվածությունը և արտաքին առևտուրը միջազգային շուկաներում՝ նոր, ավելի գրավիչ շուկաներ մուտք գործելով և ապահովելով ոլորտի կայունության զարգացումը՝ հումքի ներկրման և միջազգային էլեկտրոնային հարթակներում առևտրի խթանման միջոցով։
Ներկայումս օնլայն հարթակներում առևտուրը դարձել է կարևոր գործոն՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում հայկական արտադրանքի տեսանելիությունն ու հասանելիությունը բարձրացնելու գործում։ Տեխնոլոգիական զարգացման արագ տեմպերը ստեղծում են նոր հնարավորություններ ապրանքների վաճառքի համար տարբեր շուկաներում և շատ արտադրողներ կարող են օգտագործել այս հարթակները՝ ընդլայնելով իրենց արտահանումը և ավելացնելով միջազգային վաճառքների ծավալները։ Որոշման ընդունումը հնարավորություն կտա Հայաստանում տեքստիլ արդյունաբերության բարձրորակ աճ և զարգացում ապահովել՝ խթանելով տնտեսավարողների կայունությունը, արդյունավետությունը և մրցունակությունը։
Մհեր Գրիգորյանն այս համատեքստում նշել է. «Հիշենք, որ լավարկման հաջորդ փուլում հետևյալն անենք՝ հումքը տեսակավորենք և ըստ հումքի՝ սուբսիդավորման չափ սահմանենք, որովհետև, պայմանական ասած, ներմուծվում է բամբակ, հետո այդ բամբակը Հայաստանում դառնում է կտոր և վերջնական արտադրանք, այդ դեպքում՝ ավելի մեծ պետք է լինի սուբսիդավորումը: Եթե կտոր է ներմուծվում, որը դառնում է արտադրանք, արտադրական ցիկլի մեջ հայաստանյան ֆունկցիան ավելի փոքր է, այդտեղ ավելի քիչ պիտի լինի սուբսիդավորումը: Ես չեմ ասում պակասեցնենք, ես ասում եմ ընդհակառակը՝ հաջորդ փուլում ավելացնենք կախված հումքի արտադրանք դառնալու ցիկլի տևողությունից կամ աշխատատեղերի ներգրավվածությունից Հայաստանում: Կարծում եմ, որ հաջորդ փուլում դա էլ անենք, շատ լավ մեխանիզմ կլինի: Լավ կլինի, որ սկզբնական հումք ներմուծվի Հայաստան, մնացած բոլոր արտադրական ցիկլերը Հայաստանում կազմակերպվի»: