
Արմինֆո.Հայաստանը մտադիր է համաձայնագիր կնքել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ՝ ծառայությունների առևտրի և ներդրումների վերաբերյալ: ՀՀ կառավարությունը օգոստոսի 7-ի նիստում նպատակահարմար է գտել ստորագրել այդ փաստաթուղթը։
Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագիրը երկկողմ միջազգային փաստաթուղթ է, որի կնքումը համաձայնեցվել է Եվրասիական տնտեսական միության և նրա աանդամ պետությունների, մի կողմից, եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ՝ մյուս կողմից, տնտեսական գործընկերության մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքում։ Համաձայնագրի նպատակն է ազատականացնել Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ծառայությունների առևտրի և ներդրումների գործընթացները:
Փաստաթուղթը նախատեսում է ծառայությունների առևտրի և ներդրումների ոլորտում խոչընդոտների փոխադարձ վերացում, տնտեսական արդյունավետության բարձրացում և բարենպաստ պայմանների ստեղծում, տնտեսական համագործակցության ընդլայնում և փոխշահավետ օգուտների ստացում, ինչպես նաև երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ու երկու կողմից սպառման նոր շուկաների բացմանն աջակցություն: Համաձայնագիրը նաև կխթանի ձեռնարկատիրական նախաձեռնությունը ՝ կարգավորելով ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության հարցերը: Փաստաթուղթը ներառում է առանձին գլուխներ, որոնք նվիրված են ծառայությունների առևտրին, ներդրումներին, վեճերի կարգավորմանը, ինչպես նաև թափանցիկությանը:
Բանակցությունների ընթացքում համաձայնեցված ծառայությունների և դրանցում ներառված ծառայությունների տեսակների հավելվածներում կողմերը պատրաստ են տրամադրել համապատասխան արտոնություններ ՝ Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների ՝ որպես Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ ստանձնած պարտավորությունների համեմատ: Մասնավորապես, հայկական կողմը արտոնություններ կտրամադրի էմիրաթական կողմին գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ինչպես նաև ինժինիրինգի, գիտատեխնիկական խորհրդատվության, առողջապահության, կրթության, շրջակա միջավայրի պահպանության և փոստային ծառայությունների ոլորտներում: Էմիրաթական կողմը հայկական կողմին արտոնություններ կտրամադրի համակարգչային, գիտատեխնիկական խորհրդատվության, սարքավորումների վերանորոգման, քարտեզագրության, հեռախոսակապի ոլորտներում, ինչպես նաև որոշ պարզեցումներ են նախատեսված իրավունքի, շինարարության, հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտներում ծառայությունների մատուցման համար: