
Արմինֆո. Հայաստանում տեղի կունենա էնոտուրիզմին նվիրված առաջին փառատոնը՝ EnoFest Armenia - 2025, ինչպես նաև EnoTalks Armenia-2025 մասնագիտացված համաաժողովը: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է EnoFest -ի և EnoTalks -ի համահիմնադիր Լիլիթ Գրիգորյանը։
Նա նշել է, որ համաժողովի շրջանակներում սպասվում է միջազգային պատվիրակությունների այցեր, այդ թվում ՝ էնոտուրիզմի միջազգային կազմակերպության նախագահ Խոսե Անտոնիո Վիդալի գլխավորած պատվիրակության այցը: Համաժողովի նպատակն է, Լիլիթ Գրիգորյանի խոսքով, ստեղծել հարթակ ՝ ոլորտի զարգացման համար բոլոր շահառուների միջև ընդհանուր քննարկումներ անցկացնելու և մտքեր փոխանակելու համար: Բացի այդ, կկազմակերպվեն պանելային քննարկումներ տեղական և միջազգային փորձագետների մասնակցությամբ, հետաքրքիր ցուցահանդեսներ, ինչպես նաև հայկական և եվրոպական գինիների կույր համտես:
Փառատոնը կմեկնարկի օգոստոսի 15-ին Երևանի Խաչքարերի պուրակում եւ կտևի 3 օր ՝ գինեգործական ընկերությունների, տուրօպերատորների, կրթական հաստատությունների, թանգարանների մասնակցությամբ: Բացի այդ, փառատոնին ներկայացվելու են արհեստի և արվեստի, գաստրոնոմիայի, բարեգործական կազմակերպությունների, բուհերի տաղավարներ, սպասվում է հագեցած համերգային ծրագիր, խաղողօրհնեքի արարողություն: Ըստ Գրիգորյանի՝ EnoFest-ը կարող է նաև դառնալ բիզնես կապերի հաստատման և մասնագիտական կողմնորոշման հարթակ։
Բացման օրը փառատոնը կաշխատի 18:00-ից 22:00-ն, մնացած 2 օրվա ընթացքում' 14:00-ից 22:00-ն: Մուտքն ազատ է: