
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 20-ին ընդունել է ODDO BHF ֆինանսական խմբի պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Լիլյա Սիրականյանը և Անուշիկ Ավետյանը։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման սկզբում հյուրերը ներկայացրել են ODDO BHF խմբի գործունեությունը, ինչպես նաև խոշոր ընկերություններին ու ֆինանսական կառույցներին տրամադրվող աջակցության մեխանիզմները։
Այնուհետև կողմերը քննարկել են Հայաստանում իրականացվող տնտեսական և ներդրումային քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի պետական և մասնավոր հատվածի հետ համագործակցության հնարավորություններին ու տեղական ընկերություններին ֆինանսական օժանդակության հնարավոր ձևաչափերին։
ODDO BHF-ն անկախ ֆինանսական ծառայությունների խումբ է, որի հիմնական գործունեությունն ուղղված է մասնավոր կապիտալի կառավարմանը, ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին խորհրդատվության և ֆինանսական աջակցության տրամադրմանը։ Կառավարվող ակտիվների ծավալը կազմում է մոտ 140 մլրդ եվրո։