Ուրբաթ, 22 Օգոստոսի 2025 15:27
Ալինա Հովհաննիսյան

Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցումն ընթանում է մեծ տեմպերով. «Ճանապարհային դեպարտաաամենտ» հիմնադրամ

Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցումն ընթանում է մեծ տեմպերով. «Ճանապարհային դեպարտաաամենտ» հիմնադրամ

Արմինֆո. Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթանում է մեծ տեմպերով։

 

Ինչպես հաղորդում է «Ճանապարհային դեպարտաաամենտ» հիմնադրամը, իրականացվում են հողային, տրանսպորտային օբյեկտների կառուցման, թունելի հորատման աշխատանքներ։ Հիշեցնենք, որ արդեն մեկնարկել են երկրորդ թունելի փորման աշխատանքները, որն ունենալու է մոտ 530մ երկարություն։ Կապալառու կազմակերպությունն այստեղ արդեն հորատել է մոտ 40մ։

 

Նշվում է, որ շինհրապարակում ընդլայնվել են աշխատանքային տեղամասերը։ Երեք տեղամասերում կազմակերպվել է կամուրջների և ուղեանցների երկաթբետոնե հեծանների արտադրություն։ Երկու տեղամասերում արդեն իսկ արտադրությունը սկսվել է, իսկ մեկ տեղամասում կատարվում են արտադրության նախապատրաստական աշխատանքները։ Արտադրական պրոցեսը և արտադրանքի որակը վերահսկվում են տեխնիկական հսկողի կողմից և համապատասխան ստուգափորձերով։

 

Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ "Հյուսիս-Հարավ" ավտոմոբիլային ճանապարհի 32-կիլոմետրանոց Քաջարան - Ագարակ (Տրանշ - 4) հատվածի շինարարության կապալառուն իրանական Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana ընկերությունների համատեղ ձեռնարկություն է: Շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական վերահսկողությունն իրականացնում է խորվաթական Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering ընկերությունը:

 

Դեռևս 2023 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ), որի միջոցները տնօրինում է Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ), 150 մլն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային միջանցքի չորրորդ տրանշի կառուցման համար։

 

Հիշեցնենք, որ "Հյուսիս-Հարավ" նախագիծը թույլ կտա Հայաստանի հարավային սահմանից հյուսիս-արևելյան սահման հեռավորությունը 556 կմ-ից կրճատել մինչև 490 կմ: Ճանապարհը զգալիորեն կհեշտացնի ելքը դեպի Սև ծով և դեպի եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի - Կապան - Գորիս-Երևան - Աշտարակ - Գյումրի - Բավրա) և Վրաստանի տարածքով։ Միջանցքի շինարարությունն ի սկզբանե նախատեսվում էր ավարտել 2019 թվականին ։