Երկուշաբթի, 25 Օգոստոսի 2025 13:59
Ալինա Հովհաննիսյան

Մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման համար կապալառուների ընտրության գործընթացը. "Ճանապարհային դեպարտամենտ"

Մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման համար կապալառուների ընտրության գործընթացը. "Ճանապարհային դեպարտամենտ"

Արմինֆո. Բացվել են Քաջարանի թունելի կառուցման մրցույթին ներկայացված հայտերը: Այդ մասին հաղորդում է  "Ճանապարհային դեպարտամենտ" հիմնադրամը:

 

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի շուրջ 7կմ երկարությամբ Քաջարանի թունելի կառուցման և թունելին մոտեցնող շուրջ 4կմ երկարությամբ ճանապարհների վերակառուցման աշխատանքների ձեռքբերման միջազգային մրցույթի շրջանակներում ստացված հայտերի բացման նիստը:

 

Գնահատող հանձնաժողովի անդամներից բացի, նիստին մասնակցում էին նաև մրցույթին դիմած կազմակերպությունների ներկայացուցիչներ։

 

Գնահատող հանձնաժողովի նիստի ընթացքում բացվել են մրցութային փաթեթները։ Ներկայացված փաստաթղթերն այժմ գնահատման փուլում են», - ասվում է հաղորդագրությունում։

 

Հիշեցնենք, որ Քաջարան-Ագարակ ճանապարհը կառուցվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի համաֆինանսավորմամբ:

 

Նախագծի շրջանակում նախատեսվում է կառուցել 32 կմ ճանապարհ, երկու թունել և 17 կամուրջ (դրանցից ամենաերկարը ՝ 720 մ):

 

Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ "Հյուսիս-Հարավ" ավտոճանապարհի 32-կիլոմետրանոց Քաջարան - Ագարակ (Տրանշ - 4) հատվածի շինարարության կապալառուն իրանական Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana ընկերությունների համատեղ ձեռնարկությունն է: Շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական վերահսկողությունն իրականացնում է խորվաթական Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering ընկերությունը:

 

Դեռևս 2023 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ), որի միջոցները տնօրինում է Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ), 150 մլն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային միջանցքի չորրորդ տրանշի կառուցման համար։