Արմինֆո. Շրջանառվող տեղեկությունների համաձայն, օրերս կտեղադրվի շարժական լաբորատորիա, որտեղ գյուղմթերքներով բեռնված բեռնատարները մանրակրկիտ զննության կենթարկվեն՝ «Վերին Լարս» անցակետ մուտք գործելուց առաջ: Այդ մասին հաղորդում է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Օգոստոսի 23-ին Դանիելյանը հայտարարել էր, որ վրաց-ռուսական սահմանի "Վերին Լարս" անցակետից վերադառնում են դեպի ՌԴ մեկնող գյուղմթերքներով բեռնված մեքենաները ։ Պատգամավորի տվյալներով ՝ բեռնափոխադրողներին չեն հայտնում ստեղծված իրավիճակի պատճառների մասին, ասվում է միայն "ինչ-որ բուսասանիտարական խնդիրների մասին": Դանիելյանը նշել էր, որ վերադառնում են, մասնավորապես, սալորով, դեղձով և խաղողով բեռնված բեռնատարները: Պատգամավորն ընդգծել էր, որ խնդիրն ակնհայտորեն ոչ միայն տնտեսական է, այլև քաղաքական ենթատեքստ ունի: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն՝ ի պատասխան, պատգամավորին մեղադրել էր ստի մեջ և նշել, որ մտադիր է ամենօրյա ռեժիմով հաղորդել հայկական բեռնատարների տեղաշարժի մասին, որոնց մեջ կան արտահանվող ապրանքներ: "Ընդդիմության տարածած խուճապն ընդամենը մեր ժողովրդի մեջ վախ սերմանելու հերթական փորձ է", - գրել էր Պապոյանը՝ Facebook սոցիալական ցանցում:
«Ստախոսության մեջ ինձ մեղադրող Էկոնոմիկայի նախարար Գևորգը լավ կլիներ իրապես զբաղվեր գործով, որպեսզի նման խնդիրներ չառաջանային։ Դեռևս ամիսներ առաջ, երբ կոնյակագործները բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ ահազանգելով, որ հայկական խմիչքերը Վրաստանի տարածքով ՌԴ չեն հասնում, նախարարը օրեր շարունակ խոստանում էր անձամբ մեկնել Վրաստան և տեղում լուծել խնդիրը։ Իսկ «լուծումն» այն է, որ նվազեցվել են կոնյակի արտադրության ծավալներն ու արտահանումը։
Ի՞նչ էր անում Գևորգը, երբ արգելվում էր ծաղիկների արտահանումը ՌԴ՝ հսկայական վնասներ պատճառելով ջերմոցատերերին։ Հիշեցնեմ, որ ծաղիկ արտադրողները որպես բողոքի նշան մայրուղիների վրա էին նետում վաճառքի համար անպիտան դարձած ծաղիկները։
Հեղուկ գազով բեռնված բեռնատարները ևս չեն կարողանում անարգել անցնել սահմանը, ինչի հետևանքով 100%-ով թանկացել է հեղուկ գազը։ Բեռնատարների վարորդներն ահազանգում են, որ պետության անգործության պայմաններում իրենք ստիպված են այս հարցերն անձամբ «լուծել» պատկան մարմինների հետ։ Սրա պատասխանը ո՞վ պիտի տա։
Ինչ վերաբերում է գյուղմթերքով բեռնված բեռնատարների խնդրին, ինքս ամեն պահի կապի մեջ եմ բեռնափոխադրողների հետ, նրանցից ստանում եմ տեսանյութեր, որտեղ պարզ երևում են բեռնատարների հերթերը:
Զավեշտալի է, որ 7 տարիների ընթացքում ստելու մեջ վարպետացած խմբակի ներկայացուցիչները մեղադրում են մեզ մեր հայրենակիցների խնդիրները բարձրաձայնելու համար։ Դուք ի վիճակի եք առանց ամոթի փոքր-ինչ նշույլի անհետ կորածների ծնողներին ստել, և դեռ մե՞զ եք ստախոս անվանում։
Էկոնոմիկայի նախարար Գևորգը երբ հպարտորեն հայտարարում է սահմանն անցնող մի քանի բեռնատարների մասին, հետաքրքրվու՞մ է բեռնափոխադրողներից և բեռնատարների վարորդներից, թե ինչ խնդիրների են բախվում վերջիններս սահմանը հատելուց հետո՝ Վրաստանում: Հրապարակեք նաև, թե այդ բեռնատարներից քանիսն են անխոչընդոտ տեղ հասնում, քանիսը՝ ետ վերադառնում։
Ի դեպ, Ռոսսելխոզնադզորը փոխանցում է, որ 3 օրվա ընթացքում Հայաստանից ստացվել է կարանտինի ենթակա արտադրանքով 146 տրանսպորտային միջոց, որոնցից վերադարձվել է 21-ը, այն դեպքում, երբ էկոնոմիկայի նախարարը հայտարարում էր, որ Վրաստանից հետ է ուղարկվել ընդամենը 4 բեռնատար:
Հիմա ո՞վ է ստում։
Մեր քաղաքականության հիմնական սկզբունքներից է յուրաքանչյուր խմբի կողքին լինելը՝ կլինի գյուղատնտես, ֆերմեր, արտադրող, թե արտահանող։ «Հերոս» հարկատուների հաշվին իրենց անձնական բարեկեցությունը հոգացող իշխանությունների հետ մեր տարբերությունը նաև սրանում է։
Ընդդիմադիրների մասին ցինիկ գրառումներ անելու փոխարեն ձեր հայացքներն ուղղեք նախ ձեզ, ձեր ապաշնորհ քաղաքականությանն ու անգործությանը, որի պատճառով բոլոր ոլորտները, այդ թվում՝ տնտեսությունը, հայտնվել են ողբերգական վիճակում», - գրել է Գառնիկ Դանիելյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։