Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճի տեմպերը վերջին ամիսներին արագանում են, հիմնականում, բազայի էֆեկտի չեզոքացման հաշվին։ Այդ մասին ասվում է "Լույս" հիմնադրամի փորձագետների անցկացրած հետազոտության մեջ։
Հետազոտության մեջ նշվում է, որ հուլիսին Հայաստանի ՀՆԱ-ն շարունակել է արագանալ՝ հասնելով 9,1 տոկոսի: Արագացումը, հիմնադրամի փորձագետների կարծիքով, պայմանավորված է, հիմնականում, արդյունաբերության հատվածի աստիճանական վերականգնմամբ, որտեղ նախորդ ամիսներին զգալի անկում է դիտվել, եւ շինարարության աճի արագացմամբ: Սակայն վերջին երեւույթը կարճաժամկետ բնույթ է կրում, եւ մոտ ապագայում Երեւանում հիփոթեքային Վարկերի տոկոսավճարների եկամտահարկի վերադարձի ծրագրի կասեցման հետեւանքով պահանջարկի նվազումը եւս կհանգեցնի շինարարության ոլորտի աճի դանդաղման:
Միեւնույն ժամանակ, արտահանման հատվածը ցույց է տալիս կայուն բացասական ցուցանիշներ: Արտահանման անկման տեմպերը փոքր-ինչ դանդաղել են, բայց մնում են բավականին բարձր մակարդակի վրա ։ Վերջին երկու ամիսներին՝ հունիսին և հուլիսին, արտահանման անկումը մնացել է կայուն ցածր, կազմելով, համապատասխանաբար, 10,1% և 10,8%, և վերականգնման նշաններ ցույց չի տվել։
"Ավելին, եթե չեզոքացնենք արտահանման աճի վրա վերաարտահանման ազդեցության զգալի մասը, ապա աճը կկազմի ընդամենը 1,7 տոկոս, ինչը բավականին ցածր ցուցանիշ է և վկայում է վերջին տարիներին արտահանման ներուժի կորստի մասին։ Վարկավորման կառուցվածքն ու աճի տեմպը շարունակում են մնալ մտահոգիչ։ Թեեւ, վարկավորման կառուցվածքում աճում է նաև տնտեսության իրական հատվածի վարկավորման ծավալը, վարկավորման ընդհանուր ծավալի զգալի մասն ուղղվում է հիփոթեքային, սպառողական վարկերի տրամադրմանը և շինարարության ֆինանսավորմանը: Ընդ որում, ֆինանսավորվում է միայն մեկ ոլորտ ՝ շինարարությունը, քանի որ սպառողական վարկերի զգալի մասը նույնպես ուղղվում է շինարարությանը՝ բնակարանների կանխավճարի, վերանորոգման եւ կահավորման ծախսերը հոգալու համար։ Շինարարության աճի բարձր տեմպերը ժամանակավոր բնույթ են կրում, ուստի վարկային պարտավորությունների առաջանցիկ աճը բնակչության եկամուտների համեմատ կարող է միջնաժամկետ հեռանկարում ֆինանսական կայունության համար ռիսկեր ստեղծել", - ասվում է հետազոտության մեջ ։