Չորեքշաբթի, 27 Օգոստոսի 2025 15:55
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանը պատրաստվում է Մոնդիալ դե Բրյուսել գինու միջազգային մրցույթին

Հայաստանը պատրաստվում է Մոնդիալ դե Բրյուսել գինու միջազգային մրցույթին

Արմինֆո. Օգոստոսի 27-ին կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

 

Ինչպես հաղորդում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, ՀԽԳՀ գործադիր տնօրեն, հոգաբարձուների խորհրդի քարտուղար Զարուհի Մուրադյանը ներկայացրել է Հիմնադրամի 2025 թ․ առաջին կիսամյակի ծրագրային և ֆինանսական հաշվետվությունը:

 

Նիստի ընթացքում քննարկվել են 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք Մոնդիալ դե Բրյուսել գինու միջազգային մրցույթի կազմակերպչական հարցերը, բյուջեն։ Մրցույթը Հայաստանում անցկացնելը բացառիկ հնարավորություն է աշխարհին ներկայացնելու երկրի հազարամյա գինեգործական ժառանգությունը, եզակի տերուարներն ու հազվագյուտ խաղողի սորտերը։

 

Նախարարն ընդգծել է մրցույթը բարձր որակով կազմակերպելու անհրաժեշտությունն ու դրա կարևորությունը՝ որպես հարթակ հայկական գինեգործությունն ու գինու տուրիզմը համաշխարհային մակարդակով առաջ մղելու համար։

 

Նախարար Գևորգ Պապոյանը նաև կարևորել է գինու միջազգային ցուցահանդեսների մասնակցության արդյունքների վերլուծությունը, դրանց վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումը, ինչպես նաև մասնավոր ընկերությունների ֆինանսական մասնակցությունը։