Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025 15:19
Նաիրա Բադալյան

Հայաստանի պետական գանձարանը կծածկի Արցախից տեղահանված մի շարք ընտանիքների հիփոթեքային վարկերի ամսական մարումները

Հայաստանի պետական գանձարանը կծածկի Արցախից տեղահանված մի շարք ընտանիքների հիփոթեքային վարկերի ամսական մարումները

Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատել է Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների ցանկը:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, որոշման նպատակը բնակարանային ապահովման պետական աջակցության տրամադրումն է 2020 թ. պատերազմի հետևանքով տեղահանված մի խումբ անձանց, մասնավորապես՝ պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքներին։ Որոշման ընդունումը պայմանավորված է տեղահանված ընտանիքներին աջակցության միջոցառումների շրջանակի ընդլայնմամբ։

 

Տեղահանումից հետո նշված ընտանիքները «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲ ընկերության միջոցով հիփոթեքային վարկավորմամբ ձեռք են բերել անշարժ գույք ՀՀ-ում և սկսած 2023 թ. սեպտեմբեր ամսից այդ վարկերի գծով ամսական մարումները չեն իրականացվում, ինչը կարող է հանգեցնել բանկի կողմից գրավի առարկա հանդիսացող գույքերի բռնագանձման հաշվին վարկային պարտավորությունների մարման գործընթացի։

 

Որոշմամբ առաջարկվում է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲ ընկերության միջոցով ծրագրի՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած շահառուներին տրամադրված հիփոթեքային վարկերի ամսական մարումները (մայր գումար և տոկոսագումար) իրականացնել ՀՀ պետբյուջեի միջոցներով՝ վճարման ժամանակացույցերին համապատասխան։ Ընդ որում, որոշման ընդունման պահին ՀՀ քաղաքացիություն չունեցող շահառուների համար հիփոթեքային վարկերի մարման գործընթացը կմեկնարկի ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո՝ հաջորդ ամսվա 20-ից։