Երկուշաբթի, 1 Սեպտեմբերի 2025 10:44
Նաիրա Բադալյան

Հայաստանի վարչապետը և ԱԶԲ ղեկավարը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը

Հայաստանի վարչապետը և ԱԶԲ ղեկավարը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը

Արմինֆո.  Օգոստոսի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Մասատո Կանդային:

 

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետը ողջունել է պարոն Կանդայի այցը Հայաստան և շնորհավորել նրան ԱԶԲ-ի նախագահի պաշտոնում նշանակվելու առիթով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս այցը առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ համընկնում է Հայաստանի և ԱԶԲ-ի գործընկերության 20-ամյակի հետ: Վարչապետը շեշտել է ՀՀ Կառավարության և ԱԶԲ-ի միջև համագործակցության հետևողական զարգացման փաստը և նշել, որ ԱԶԲ-ն կարևոր դեր է խաղացել Հայաստանի զարգացման նպատակներին աջակցելու գործում՝ սկսած ենթակառուցվածքների արդիականացումից, պետական կառավարման համակարգում բարեփոխումներից մինչև ներառական և կայուն աճի խթանում։

 

Մասատո Կանդան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և շնորհավորանքների համար՝ նշելով, որ ԱԶԲ-ն բարձր է գնահատում ՀՀ Կառավարության հետ սերտ գործակցությունն ու պատրաստ է հետագայում ևս ակտիվորեն նպաստել մեր երկրում տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Զրուցակիցները քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել բնակարանային ապահովման, սեյսմիկ անվտանգության բարելավման, դպրոցաշինության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համագործակցության շուրջ:

 

Նշենք, որ Ասիական զարգացման բանկը Հայաստանի հետ աշխատում է 2005 թվականից: 2024 թվականի վերջի դրությամբ բանկը Հայաստանում իրականացրել են 1.9 մլրդ դոլարի բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են եղել տրանսպորտային, ֆինանսական, էներգետիկ և ջրային ոլորտների և այլ ենթակառուցվածքների զարգացմանը։