Երեքշաբթի, 2 Սեպտեմբերի 2025 13:11
Նաիրա Բադալյան

Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրով պետական գանձարանը համալրվել է 226 մլն դրամով. Առնակ Ավետիսյան

Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրով պետական գանձարանը համալրվել է 226 մլն դրամով. Առնակ Ավետիսյան

Արմինֆո.  "Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2024 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին" օրինագիծը սեպտեմբերի 2-ին ստացել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությունը:

 

Ինչպես հայտարարել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը, ներկայացնելով օրենքի նախագիծը, հաշվետու ժամանակահատվածում ընդունվել են կառավարության որոշումներ 2 ընկերությունների պետական բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին, որոնցից մեկի պետական բաժնետոմսերը մասնավորեցվել են ուղղակի վաճառքի միջոցով:

 

Միաժամանակ, "Արտակարգ իրավիճակների օդանավակայան" փակ բաժնետիրական ընկերությունը հանվել է "ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն" ծրագրից և հանձնվել լուծարման:

 

Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 321 մլն դրամ, որից 226 մլն դրամն ուղղվել է պետական բյուջե, իսկ մնացած գումարը՝ համայնքների բյուջեներ:

 

Առնակ Ավետիսյանը նաև հաշվետվություն է ներկայացրել մասնավորեցման պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ: Մասնավորեցման գործարքների արդյունքում 4 գնորդների կողմից կատարվել են 2024 թվականի ընթացքում պրոֆիլի պահպանման պարտավորությունները, իսկ 1 գնորդի կողմից հարուցվել է դատական վարույթ ՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կապակցությամբ: 1 գնորդի կողմից պայմանագրով ստանձնած պրոֆիլի պահպանման պարտավորությունը չկատարելու համար նշանակվել է 30 մլն դրամ տուգանք: Նշված գումարը բռնագանձելու համար հարուցվել են դատական վարույթներ։

 

Հաշվետու ժամանակահատվածում ընկերությունների լուծարման գործընթաց չի իրականացվել:

 

Օրինագիծը կընդգրկվի Ազգային ժողովի առաջիկա հերթական նստաշրջանների օրակարգում: