Երեքշաբթի, 2 Սեպտեմբերի 2025 16:20
Նաիրա Բադալյան

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հստակեցնել "Գնումների մասին" օրենքի որոշ դրույթներ

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հստակեցնել "Գնումների մասին" օրենքի որոշ դրույթներ

Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջարկում է հստակեցնել "Գնումների մասին" օրենքի որոշ դրույթներ, ինչը թույլ կտա ստեղծել ավելի հստակ եւ միանշանակ կանոններ, որոնք կբացառեն տարբեր մեկնաբանությունները: Փոփոխությունները ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ՝ համապատասխան օրինագիծը ներկայացնելով սեպտեմբերի 2-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ առաջին ընթերցմամբ քննարկման:

 

Նախաձեռնության շրջանակում առաջարկվում է հստակեցնել, որ պատվիրատուն չի կարող կնքված պայմանագրով նախատեսված գնման առարկան փոփոխել, իսկ տեխնիկական պայմաններին (տեխնիկական բնութագրերին, մատակարարման և վճարման պայմաններին) ներկայացվող պահանջների փոփոխման դեպքերն ու կարգը սահմանում է կառավարությունը:

 

Այն դեպքերում, երբ մրցույթում հաղթողը պետք է ներկայացնի պայմանագիրը և որակավորման ապահովումները բանկային երաշխիքի ձևով, պատվիրատուն հրավերում ի սկզբանե նշում է դրանց տրամադրման ժամկետը, որը չի կարող պակաս լինել 10 օրից: Գործող դրույթում սահմանված է 10 օր ժամկետ:

 

Նախատեսվում է, որ գնման առարկայի բնութագրերը պետք է լինեն օբյեկտիվորեն հիմնավորված և բխեն այն անհրաժեշտությունից, որի համար իրականացվում է տվյալ գնումը: Բնութագրերը կներառեն ոչ գնային պայմանների ամբողջական նկարագրություն:

 

Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Առաջարկվել է այն ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա հերթական նստաշրջանների օրակարգի նախագծում:-