Արմինֆո.ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 2-ի նիստում քննարկվել է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ, ինչպես նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն նախատեսող օրենսդրական փաթեթը:
Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը, ներկայացված նախագծերով առաջարկվում է սահմանային շերտում եւ սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում ավազի եւ ավազակոպճային խառնուրդի պաշարներն ուսումնասիրելու կամ գետաողողատային տիպի հանքավայրերի ավազի արդյունահանումն իրականացնելու համար ընդրեքօգտագործման իրավունք հայցելու դիմումին կից ներկայացնել ազգային անվտանգության, արտաքին գործերի եւ պաշտպանության բնագավառների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում՝ նաեւ մաքսային բնագավառի պետական լիազորված մարմինների կողմից տրված համաձայնությունները:
Փոխնախարարը նշել է, որ օրենսդրական փաթեթով սահմանվում է նաեւ ընդրեքօգտագործողի գործունեությունը կասեցնելու կարգը: Զեկուցողի խոսքով ընդերքօգտագործողի նախատեսված գործունեությունը կասեցնելու նպատակով ազգային անվտանգության, արտաքին գործերի եւ պաշտպանության բնագավառների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում՝ նաեւ մաքսային բնագավառի պետական լիազորված մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում բնապահպանության եւ ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին են ներկայացնում համապատասխան գրություն՝ հիմնավորող փաստաթղթերով: Տեսչական մարմինը փաստաթղթերն ուսումնասիրում եւ ընդերքօգտագործողի նախատեսված գործունեությունը կասեցնելու վերաբերյալ որոշումն ընդունում է դրանք ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում սահմանվել է սահմանային գետերի հունից գետավազի արդյունահանման արգելք, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսվել է ընդերքօգտագործողի կողմից գետի հունից ավազի արդյունահանման դեպքում վարչական պատասխանատվություն:
Ասատուր Վարդանյանը տեղեկացրել է, որ սահմանվել է օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքները բացառապես GPS (Գլոբալ տեղորոշման համակարգ) համակարգով կահավորված եւ այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին անխափան միացված՝ հանութաբարձիչ եւ հանութափոխադրիչ տեխնիկական միջոցների, օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլների միջոցով իրականացնելու վերաբերյալ պահանջ: Պահանջը խախտելու համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն՝ շուրջ 5 մլն դրամի չափով:
Օրենսդրական փաթեթով ծառայություն մատուցող անձի համար սահմանվում է պարտականություն՝ տրանսպորտային, տեխնիկական միջոցների տեղաշարժի մինչեւ 1 տարի վաղեմությամբ արձանագրումները պահպանելու եւ հարցման դեպքում այդ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում Կառավարության կողմից սահմանված տվյալներին հասանելիություն ունեցող մարմիններին տրամադրելու մասին: Ծառայություն մատուցող անձը նաեւ կապահովի նշված մարմիններին վերոնշյալ տրանսպորտային միջոցների տեղաշարժը արձանագրող սերվերային ենթակառուցվածքին շուրջօրյա հասանելիություն:
Փոխնախարարի տեղեկացմամբ օրենսդրական նշված փոփոխություններն այս պահին վերաբերում են միայն Արաքս գետին:
ԱԺ հաղորդագրության համաձայն, օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: Այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: