Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025 17:49
Ալինա Հովհաննիսյան

Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը կհանձնվեն երկարաժամկետ վարձակալության՝ 25 տարի+25 տարի

Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը կհանձնվեն երկարաժամկետ վարձակալության՝ 25 տարի+25 տարի

Արմինֆո. Ներդրումային ծրագրերի (այդ թվում ՝ բարեգործական, սոցիալական, պետություն-մասնավոր գործընկերության) իրականացման նպատակով պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը/արոտավայրերը հանձնվելու են երկարաժամկետ վարձակալության: Համապատասխան օրինագիծը հավանության է արժանացել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից:

 

Ներկայացնելով ՀՀ հողային օրենսգրքում կատարված փոփոխությունները՝ էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագծով նախատեսվում է վարձակալության ժամկետ սահմանել 25 տարի՝ ևս 25 տարով երկարաձգելու հնարավորությամբ: Նման ժամկետներ ընտրվել են ճկունություն ապահովելու համար. 25 տարին լրանալուց հետո կառավարությունը կամ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հնարավորություն ունի պարզեցված ընթացակարգով լուծել պայմանագիրը կամ, ընդհակառակը, շարունակել:

 

Միաժամանակ, նախատեսվում է վարձակալին պարտավորեցնել հողերի պահպանությանն ուղղված միջոցառումների իրականացում, ինչպես նաև դրանց խիստ նպատակային նշանակությամբ օգտագործում:

 

Փոխնախարարի հավաստմամբ՝ ՀՀ հողային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները թույլ կտան ընդլայնել ներդրումային ծրագրերի իրականացմանն աջակցելու հնարավորությունները ՝ բարձրացնելով հողամասերի հասարակական օգտակարությունը, ինչպես նաև պետական և գերատեսչությունների ենթակա կառույցների տնօրինության տակ գտնվող հողերի առավել արդյունավետ կառավարումը: