
Արմինֆո. «Սյունիք» օդանավակայանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 3-ից Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավորապես կդադարեցվեն՝ պայմանավորված օդանավի տեխնիկական սպասարկման անհրաժեշտությամբ:
«Սպասարկումն իրականացվում է՝ ապահովելու թռիչքների անվտանգությունն ու հարմարավետությունը:
Շնորհակալություն ձեր վստահության և ըմբռմնման համար: Թռիչքների վերսկսման և հետագա տեղեկությունների համար կարող եք հետևել մեր պաշտոնական էջին», - ասվում է օդանավակայանի հաղորդագրությունում:
Նշենք, որ Երևան-Կապան-Երևան չվերթն իրականացնող NovAir ավիաընկերության ղեկավար Կարեն Վարդանյանը հաղորդել էր, որ ինքնաթիռի տեխնիկական սպասարկումը կարող է տևել մինչև 4 ամիս: Սակայն, հաշվի առնելով երթուղու ժողովրդականության աճը, նա վստահեցրել է, որ նշված տեխնիկական գործընթացների ավարտից հետո ընկերությունը կշարունակի աշխատանքը։
Ավիաընկերության տնօրենի խոսքով՝ միայն 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ավիաընկերությունն իրականացրել է 95 չվերթ ՝ տեղափոխելով 2 096 ուղևորի, ինչը 19 չվերթով ավելի է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից։
Հիշեցնենք, որ NovAir-ի առաջին կոմերցիոն չվերթն իրականացվել է 2023 թվականի օգոստոսի 21-ին ։ Երևան-Կապան-Երևան ուղղությամբ ավիաչվերթներն իրականացվել են չեխական արտադրության 19 տեղանոց օդանավով:
2021թ. նոյեմբերին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել 49.5 մլն դրամ հատկացնել Կապանի "Սյունիք" օդանավակայանի ընդհանուր գործառնական ծախսերի, հարկերի, աշխատավարձերի համար: