Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025 18:55
Նաիրա Բադալյան

Հայաստանում նախատեսում են աշխատանքի տեղավորման համար միասնական տեղեկատվական պետական հարթակի ստեղծում

Հայաստանում նախատեսում են աշխատանքի տեղավորման համար միասնական տեղեկատվական պետական հարթակի ստեղծում

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ, որի արդյունքում ակնկալվում է ապահովել աշխատանք փնտրող անձանց և գործատուների առցանց հաշվառման ընթացակարգը՝ համապատասխան տեղեկատվական համակարգերի փոխգործելիության միջոցով։

 

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, ըստ այդմ, հնարավորություն է տրվում աշխատանք փնտրող անձանց առցանց եղանակով՝ e-work.am հարթակի միջոցով հաշվառվելու և ստանալու ծառայություններ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կողմից, իսկ գործատուներին՝ առցանց եղանակով հարթակի միջոցով գրանցվելու: Այն հնարավոր կդարձնի գործատուների համար Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ներգրավվելու զբաղվածության պետական ծրագրերում և համալրելու իր մոտ առկա թափուր աշխատատեղը։ Հարթակը նպատակ ունի մեկտեղելու հայաստանյան աշխատաշուկան պետական հարթակում, կամուրջ ստեղծելու գործատուների և աշխատանք փնտրողների միջև, ինչպես նաև ամրապնդելու պետություն-գործատու-աշխատանք փնտրող կապը: