Արմինֆո. Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 11-ի նիստում հավանություն է տվել Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին ՀՀ բաժանորդագրության գործիքին:
Հիմնավորման համաձայն, Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը (ԵՆԱԲ) հիմնադրվել է 2015 թվականին Չինաստանի կողմից: Այն բազմակողմ զարգացման բանկ է, որի նպատակն է նպաստել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայուն տնտեսական զարգացմանը, ստեղծել բարեկեցություն՝ բարելավելով ենթակառուցվածքները միջազգային բազմակողմ և երկկողմ զարգացման կառույցների հետ սերտ համագործակցությամբ: Բանկին անդամակցում են 106 հաստատված անդամ երկրներ, հիմնադիր 57 անդամ երկրներ, այդ թվում՝ Իրանը (2 541 բաժնեմաս), Վրաստանը (539 բաժնեմաս), Թուրքիան (26 099 բաժնեմաս) և Ադրբեջանը (2 541 բաժնեմաս): Չինաստանը, Հնդկաստանը և Ռուսաստանը գլխավորում են կազմակերպությունը՝ ՉԺՀ-ի կարևորագույն որոշումների վրա վետոյի փաստացի իրավունքով։
ԵՆԱԲ-ի հիմնական տեսլականը կանաչ ենթակառուցվածքների ստեղծումն է՝ հիմնված նոր տեխնոլոգիաների, ժամանակակից մարտահրավերներին արձագանքելու և կայունություն ապահովելու վրա։
Բանկի առաջնահերթ նպատակը Ասիայի բարգավաճումն ու տնտեսական զարգացումն է, ինչին հասնելու համար վերջինս որդեգրել է «Չորս նորարարություն» կոչվող ռազմավարությունը, որը ներառում է ֆինանսատնտեսական, սոցիալական, էկոլոգիական և ծառայությունների թվայնացման ոլորտները: Այն նպաստում է կայուն զարգացմանը ինչպես տեղային, այնպես էլ գլոբալ մակարդակներում:
Բանկի ընդհանուր կանոնադրական կապիտալը կազմում է հարյուր միլիարդ (100,000,000,000) ԱՄՆ դոլար՝ բաժանված մեկ միլիոն (1,000,000) բաժնեմասերի՝ յուրաքանչյուրը հարյուր հազար (100,000) ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Նախնական հայտարարված կանոնադրական կապիտալը բաժանվում է վճարված բաժնետոմսերի եւ ցպահանջ վճարման ենթակա բաժնետոմսերի։ Այն բաժնետոմսերը, որոնց ընդհանուր անվանական արժեքը կազմում է քսան միլիարդ դոլար ($20 000 000 000), վճարված բաժնետոմսեր են, իսկ այն բաժնետոմսերը, որոնց ընդհանուր անվանական արժեքը կազմում է ութսուն միլիարդ դոլար ($80 000 000 000), ցպահանջ վճարման ենթակա բաժնետոմսեր են։ Բանկի կանոնադրական կապիտալը կարող է մեծացվել կառավարիչների խորհրդի կողմից ձայների ճնշող մեծամասնությամբ:
ԵՆԱԲ-ը ֆինանսավորում կամ ֆինանսական աջակցություն է տրամադրում հետևյալ սուբյեկտներին՝անդամ պետության կառավարությանը կամ նրա որևէ գերատեսչությանը, անդամ պետության տարածքում գործող որևէ մասնավոր կազմակերպությանը, միջազգային կամ տարածաշրջանային այնպիսի կազմակերպություններին կամ մարմիններին, որոնք զբաղվում են տնտեսական զարգացման հարցերով։
ԵՆԱԲ-ն իր գործառնություններն իրականացնում է հետևյալ եղանակներով՝ տրամադրելով, համաֆինանսավորելով ուղղակի վարկերը կամ մասնակցելով դրանց, ներդնելով ֆինանսական միջոցներ հաստատության կամ ձեռնարկության սեփական կապիտալում, երաշխավորելով տնտեսական զարգացման համար նախատեսված վարկերի տրամադրումը թե՛ որպես առաջնային, թե՛ որպես երկրորդային պարտավորված մարմին, ինչպես ամբողջությամբ, այնպես էլ մասնակիորեն, ներգրավելով Հատուկ ֆոնդերի ռեսուրսները՝ դրանց օգտագործումը սահմանող համաձայնագրերին համապատասխան, տրամադրելով տեխնիկական աջակցություն:
ԵՆԱԲ-ին ՀՀ բաժանորդագրության գործընթացը նախատեսում է բաժանորդագրում բանկի բաժնետիրական կապիտալի բաժնեմասերին՝ վճարվող և ցպահանջ բաժնեմասերի միջոցով: Մեկ բաժնեմասի արժեքը 100 հազ. ԱՄՆ դոլար է: 2017թ. Հայաստանը դիմում-հայտ է ներկայացրել Բանկին, որով Հայաստանի բաժանորդագրությունը Բանկին նախատեսվում էր 374 բաժնեմասի բաժանորդագրմամբ:
2019թ. ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջարկել է, որ Հայաստանը 5 բաժնեմասով բաժանորդագրվի Բանկին, ինչը սկզբունքորեն մերժվել է, քանի որ 5 բաժնեմասով Բանկին բաժանորդագրված են բացառությամբ ամենափոքր թեկնածուները: ԵՆԱԲ-ին վճարվող կապիտալի համար «Ենթակառուվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագրի 58-րդ հոդվածին համապատասխան՝ անդամ դարձող համաձայնագրի յուրաքանչյուր ստորագրող կողմից ի սկզբանե բաժանորդագրությամբ նախատեսված գումարի վճարումը կատարվում է 5 մասով՝ յուրաքանչյուր անգամ այդ գումարի 20%-ի չափով:
Առաջին մասը յուրաքանչյուր անդամի կողմից վճարվում է համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա ընթացքում կամ վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթն իր անունից ի պահ հանձնելու օրը: Երկրորդ մասը ենթակա է վճարման ԵՆԱԲ-ի մասին համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո: Մնացած 3 մասերը ենթակա են վճարման հաջորդաբար նախորդ մասը վճարելու օրվանից մեկ տարի հետո:
Ներկայումս Հայաստանի Հանրապետությանը առաջարկվել է անդամակցել ԵՆԱԲ-ին առավելագույնը 374 բաժնեմասով, որից 299-ը կազմում են ցպահանջ բաժնեմասերը, իսկ մնացած 75 բաժնեմասի գծով գումարը կազմում է 7.5 մլն ԱՄՆ դոլարը, որը ենթակա է վճարման 5 հավասարաչափ մասնաբաժիններով` յուրաքանչյուրը 1.5 մլն ԱՄՆ դոլար:
«Բանկին բաժանորդագրումը կարևորվում է հայ-չինական քաղաքական երկխոսությանը նոր խթան հաղորդելու տեսանկյունից: Միաժամանակ Չինաստանի ֆինանսավորմամբ ներդրումների ներգրավմամբ կարող են ստեղծվել հնարավորություններ Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման համար: ԵՆԱԲ միանալը Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն է ընձեռում մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին՝ միաժամանակ համագործակցելով զարգացման բազմակողմ և երկկողմ այլ հաստատությունների հետ: Անդամակցումը նպատակահարմար է նաև վարկային միջոցների աղբյուրների դիվերսիֆիկացման տեսանկյունից», - ասվում է փաստաթղթում:
Հիշեցնենք, որ Հայաստանը Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (ԵՆԱԲ) անդամ է դարձել 2024 թվականին։ ՀՀ Ազգային ժողովը 2024 թվականի հունիսի 12-ի լիագումար նիստում վավերացրել է բանկի հետ համաձայնագրի՝ ՀՀ կառավարության ներկայացրած նախագիծը: